կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-29 12:15
Տնտեսական

Հյուսիս-հարավ ճանապարհի դեռեւս 10-15 տոկոսն է կառուցվել. Գագիկ Բեգլարյան

Հյուսիս-հարավ ճանապարհի դեռեւս 10-15 տոկոսն է կառուցվել. Գագիկ Բեգլարյան

Բոլոր հարցերը կարգավորվել են, եւ մեր աշխատանքները ժամանակին կկատարվեն, աշխատանքներն այսօր հոյակապ են ընթանում. լրագրողներին այսօր' ՀՀԿ տնտեսական համաժողովի մեկնարկին, ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը' անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքներին:

 

Լրագրողների դիտարկմանը, թե ճանապարհի որակի հետ կապված դժգոհություններ են հնչում, Գագիկ Բեգլարյանն արձագանքեց, թե ինչպե՞ս կարող են դժգոհ լինել, եթե այսօր ճանապարհը չի շահագործվում: Այնուհետեւ նախարարը նշեց, որ որոշ խնդիրներ են եղել անցյալ տարի այս ժամանակակատվածում, որոնք բոլորը, սակայն,  լուծվել են:

 

«Ես երբեք 100 տոկոս ոչինչ չեմ ասում, բայց 90 տոկոս` որակի հարցում, հավատացած եղեք, որ ամեն ինչ շատ լավ է»,- ընդգծեց Գագիկ Բեգլարյանը:

 

Yerkir.am-ի հարցին' չորեքշաբթի նախարարը գնացել էր' ստուգելու շինարարական աշխատանքների ընթացքն ու աշխատանքի որակը, ի՞նչ արդյունք է տվել այդ ստուգայցը, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ անձամբ ստուգել է` մեքենայով նոր ճանապարհով անցել են...

 

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ հիմա նոր մեքենա է բերվում դրսից, որը աշխատանքների ավարտից հետո ճանապարհը հարթեցնում է, ու երբ այդ մեքենան տեղ հասնի, աշխատանքները կսկսվեն: «Ամենաուշը 10 օրից, ու դրանից հետո կարող ենք բոլորս գնալ ու որոշ հատվածներում տեսնել, թե վերջնական տեսքն ինչպիսին է լինելու»,- ասաց նախարարը:

 

Գագիկ Բեգլարյանը հավաստիացրեց, թե Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքները չեն սահմանափակվելու միայն Աշտարակի եւ Արտաշատ-Արարատ հատվածներով եւ անպայման շարունակվելու են: Ծրագրի արժեքի մասին կոնկրետ տվյալներ այս պահին չկան, քանի որ, ինչպես ասաց նախարարը, դեռեւս ավարտվել է ծրագրի ուսումնասիրությունների փուլը, եւ ծրագրի տեխնիկական-նախագծային աշխատանքներն են կատարվում: Դրանից հետո միայն ծրագրի արժեքի մասին կոնկրետ տվյալներ կլինեն:

 

Լրագրողների հարցին' ծրագրի ո՞ր մասն է կատարվել, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ առայժմ  կառուցվել է ամբողջ հատվածի մոտ 10-15 տոկոսը:

 

«Կարեւորը' սկիզբը դրվեց, հիմա աշխատանքներն ընթանում են, եւ մենք մտադիր ենք արագ-արագ ավարտել»,- վերջում նշեց Գագիկ Բեգլարյանը: