կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 18:54
Տնտեսական

Հյուսիս-հարավ ճանապարհի համար մինչ օրս պետությունը վճարել է մոտ 17 միլիոն դոլար. ԾԻԳ-ի տնօրեն

Հյուսիս-հարավ ճանապարհի համար մինչ օրս պետությունը վճարել է մոտ 17 միլիոն դոլար. ԾԻԳ-ի տնօրեն

Մամուլում վերջերս հրապարակված տեղեկությունները, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված մոտ 900 միլիոն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել, չեն համապատասխանում իրականությանը. լրագրողներին այսօր ասաց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը:

 

Նա ներկայացրեց ճանապարհի կառուցման' տրանշ 1-ի շինարարական աշխատանքների ընթացքը՝ տեղում լրագրողներին ցուցադրելով, թե ինչ աշխատանքներ են կատարվել, կատարվում եւ դեռ պետք է կատարվեն:

Արթուր Սարգսյանի խոսքերով' տրանշ-1-ը ներառում է հյուսիս-հարավ արագընթաց ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ եւ Երևան-Աշտարակ հատվածը' շուրջ 31 կմ:


Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի շրջանակներում իրականացվում են Երևան - Աշտարակ քառաշարք ճանապարհի վերակառուցման, Երևան - Արարատ քառաշարք ճանապարհի վերակառուցման, այնուհետև անվտանգության բարձրացման եւ ծրագրի կառավարմանը օժանդակման, ներառյալ՝ ներդրումային ծրագրի ներքո հետագա ծրագրի մանրամասն նախագծի առաջարկվող ֆինանսավորումը, վերահսկողության վերաբերյալ խորհրդատվության և մրցույթի փաստաթղթերի ու գնումների պատրաստման աշխատանքները:

 

Տրանշ-1-ի շինարարական աշխատանքները ֆինանսավորվում են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ADF ֆոնդից (արտոնյալ վարկային միջոցներ առանց պարտավճարի)'  60 մլն ԱՄՆ դոլարի չափով և ՀՀ պետբյուջեից' միայն հարկերի մասով շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի չափով: Տրանշի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվել է 70,4 մլն ԱՄՆ դոլար: Տրանշ-1-ի շինարարական աշխատանքների մի մասը' ճանապարհի երթեւեկելի մի հատվածն արդեն իսկ ավարտվել է, իսկ երթևեկելի մյուս մասն արդեն մեկնարկել է ու, Արթուր Սարգսյանի հավաստմամբ, կավարտվի մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը: Զուգահեռաբար մեկնարկել են նաև Տրանշ-2-ի շինարարական աշխատանքները՝ կատարվում են ճանապարհի մշակման, հողային, խճի տոփանման և այլ աշխատանքներ:

 

Առաջին և երկրորդ ծրագրերի շինարարական աշխատանքների իրականացման համար, Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան, միջազգային բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն Էս.Էյ.» ընկերության հետ 27.04.2012թ. կնքվել է 250 մլն ԱՄՆ դոլարի (ներառյալ՝ հարկերը) պայմանագիր: Ընկերությունը Հայաստան է ներմուծել բետոն փռող 2 մեքենա' ամբողջությամբ համակարգչային կառավարմամբ, երկու բետոն արտադրող արտադրամասեր' ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած: Բետոնի մեջ օգտագործվում են հիմնականում տեղական հումքեր' ցեմենտ, որ արտադրվում է  Հայաստանում, ջուր, խիճ ու որոշ հատուկ հավելանյութեր, որոնք ներկրվում են արտասահմանից:

 

Ծրագրերի շրջանակներում բոլոր գնումները իրականացվում են Ասիական զարգացման բանկի գնումների ձեռնարկի, ծրագրի վարչարարության կանոնակարգերի և այլ կանոնակարգող փաստաթղթերի  համապատասխան:

Այսինքն, ինչպես պարզաբանեց Արթուր Սարգսյանը, անհրաժեշտ միջոցները ոչ թե գալիս են Հայաստան ու մտնում բյուջե' այնտեղից կապալառուին տրամադրվելու համար, այլ երբ կապալառուն վերջացնում է իր համապատասխան աշխատանքը, Հայաստանն, ի դեմս տրանսպորտի եւ կապ նախարարության, ստուգում, փորձարկում ու ընդունում է աշխատանքը, ինչից հետո համապատասխան փաստաթղթերն ուղարկում է ԱԶԲ-ին, որն էլ արդեն այդ փաստաթղթի հիման վրա փոխանցում է կատարում կապալառուի հաշվին:

 

Տրանշներ 1-ի և 2-ի շրջանակներում ծրագրի սկզբից փաստացի ծախսերը կազմում են շուրջ  60.0 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ՝ հարկերը, որից շուրջ 35.8 մլն ԱՄՆ դոլարը տրամադրված  կանխավճարներն են (ապահովված են երաշխիքներով), շուրջ 3.0 մլն ԱՄՆ դոլարը՝ ենթակառուցվածքների տեղափոխում և շուրջ 4 մլն դոլարը՝ ՀՕՏԾ իրականացում:

 

Տրանշներ 1-ի և 2-ի շրջանակներում իրականացված  փաստացի ֆիզիկական աշխատանքները և մատուցված ծառայությունները, ֆինանսական արտահայտմամբ, կազմել են շուրջ  39.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որի դիմաց փաստացի վճարվել է շուրջ 16.9 մլն ԱՄՆ դոլար: Տարբերությունը կազմում են դեռևս չընդունված և փորձարկումների փուլում գտնվող ծառայություններն ու աշխատանքները, որոնց գումարը կազմում է շուրջ 22.1 մլն ԱՄՆ դոլար:

 

Այսինքն, ինչպես իր խոսքում նշեց նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, իրենց նկատմամբ հնչած քննադատության ու մեղադրանքները հիմք չունեն, քանի որ ծրագրի համար մինչ օրս ծախսվել է ընդամենը մոտ 17 միլիոն դոլար: Իսկ մնացած մասը հայկական կողմը չի վճարում, նշեց նախարարը, քանի որ դեռ պետք է համոզվեն, որ կատարվել է լավ աշխատանք, ու հանձնվող ճանապարհը համապատասխանում է որակի' նախապես հայտարարված չափանիշներին:

 

Հյուսիս-հարավ ծրագրի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար դիտեք տեղեկատվական հոլովակը: