կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 17:05
Քաղաքական

Գագիկ Բեգլարյանը Հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված հայտարարություններ արեց

Գագիկ Բեգլարյանը Հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված հայտարարություններ արեց

Այսօր Հյուսիս-հարավ ներդրումային միջանցքի ծրագրի վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նախարարը հավաստիացրեց, թե, այսօրվանից սկսած, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի` լինի ԱԺ պատգամավոր, կառավարության անդամ, պաշտոնյա, որ այս ոլորտի հետ կապ չունի, լրատվամիջոցի կամ ՀԿ ներկայացուցիչ, թե պարզապես սովորական հետաքրքրվող քաղաքացի, կարող է Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ դիմել նախարարություն ու ստանալ ամբողջական պատասխան' իրեն հետաքրքրող հարցերի առնչությամբ:

 

«Պատրաստ ենք պատասխանել յուրաքանչյուրի հարցին, ՀՀ սովորական յուրաքանչյուր քաղաքացու հարցի, որովհետև Հյուսիս-հարավ ծրագիրը պետական մեծ նշանակություն ունեցող, ինչու ոչ' ազգային ծրագիր է, որն այսօր Հայաստանի համար ունի կարեւոր շատ մեծ նշանակություն, եւ ես չեմ ուզում, որ ինչ-որ ՀԿ ղեկավարներ կամ պատգամավորներ, որոնք ուզում են իրենց անձը կայացնել, ներկայանալի լինել լրատվամիջոցներին, վարկաբեկեն այս ծրագիրը»,- ընդգծեց նախարարը:

 

Նրա խոսքով' քաղաքական որոշում է ընդունվել' կապված այս ծրագրի հետ, որպեսզի Հայաստանն ունենա տարանցիկ, այս կարգի ու որակի լավ ճանապարհ, եւ ինքը չի ուզում, որ անհատներն այս ծրագիրը վարկաբեկեն կամ թեկուզ մեկ րոպե, մեկ վայրկյան մարդկանց մոտ կասկած առաջացնեն, որ ծրագիրը չի իրագործվում կամ իրագործվում է չարաշահումներով, կամ' ինչ-ինչ նպատակներով:

 

«Մամուլում կային «ո՞ւր է կորել 903 միլիոն դոլարը» կարգի հայտարարություններ: Պարզ է' մասնագետ մարդիկ' լրատվամիջոցներում աշխատող յուրաքանչյուր մարդ, ՀԿ-ներում եւ համապատասխան պաշտոններում աշխատող մարդիկ կարող են հասկանալ, որ այդ կարգի բաներ չեն կարող լինել, բայց սովորական քաղաքացին, ՀՀ բնակիչը, լսելով խելագար հայտարարությունները, կարող է եւ հավատալ: Սա ձեր ծրագիրն է, սա մեր` բոլորիս ծրագիրն է, եւ ես չեմ ուզում, որ այս ծրագրի հետ կապված լինեն անհեթեթ հայտարարություններ, լինեն մարդկանց կողմից խեղաթյուրված ներկայացումներ: Որովհետեւ ոչ մեկիս իրավունք տրված չէ մեր պետության, մեր ազգի ու ժողովրդի գումարները ծախսելու մի տեղ ու ծախսելու ինքնանպատակ, ծախսելու չարաշահումներով, ծախսելու ոչ հավասարակշռված: Դրա համար կդատապարտվի ու կպատժվի յուրաքանչյուրը»,- հայտարարեց Գագիկ Բեգլարյանը:

 

Նա մի ուշագրավ հայտարարություն էլ արեց'  բոլորը համարեն, որ աշխատում են այդ ծրագրում, եւ, ըստ ցանկության, ով ուզի, ինչ ինֆորմացիա ուզի, կստանա, նաեւ շեշտեց. «Եթե հանկարծ մի հարցի պատասխան չստանաք որեւիցե մի պաշտոնյայից, այդ պաշտոնյան համապատասխան տեղում հնարավոր է եւ չաշխատի»:

 

Այնուհետեւ նախարարը նշեց, թե այն մարդկանց, ովքեր Հյուսիս-հարավ ծրագրի վերաբերյալ հայտարարություններ էին անում, անձամբ ինքը արդեն 1 շաբաթ անընդհատ մի քանի անգամ զանգահարել է, սակայն իր հեռախոսազանգերին չեն պատասխանել:

 

«Այսօր որոշ մարդկանց հետ խոսել է իմ տեղակալը: Մենք 1 շաբաթ շարունակ հայտարարություններ անող ակտիվ ՀԿ-ների ղեկավարներին խնդրում էինք, որ այսօր մասնակցեն հավաքին ու տային իրենց հարցերը մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ: Մեկին չգտանք: Սիլվա Ադամյանը խոսել է իմ տեղակալի հետ, հրաժարվել է այսօր մասնակցել, իսկ Էդիկ Բաղդասարյանն անհետ կորած է, 1 շաբաթ է` չենք կարողանում գտնել, որպեսզի կարողանանք ասել' եկե'ք, քանի որ ձեր վստահությունը մեզ համար խիստ անհրաժեշտ է»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:

 

Ընդգծելով, որ իրենց համար կարեւորն այն է, որ Հյուսիս-հարավ ծրագիրն իրագործվի, ու ռազմավարական ճանապարհը կառուցվի, նախարար Բեգլարյանը նշեց, թե մնացած զրույցները'  ով ինչ ասաց կամ հայտարարեց, իրենց  համար նշանակություն չունեն:

 

«Այն ծրագիրը, որը պետության ու ժողովրդի համար, իրոք, կարեւոր է, չփորձենք քաղաքականացնել ու դրա վրա կայանալ: Յուրաքանչյուրս մեր ոլորտներում լիքը կայանալու տեղ ունենք, կայացեք ձեր իսկ շրջապատում, ձեր իսկ ոլորտում, այլ ոչ թե` կարեւոր ծրագրերի նշանակությունը գցելով»,- վերջում կոչ արեց Գագիկ Բեգլարյանը: