Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 1-ից բոլոր տնտեսվարողների համար ուժի մեջ է մտնում աշխատակիցների՝ 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը․ բացառություն են կազմում պատվաստված քաղաքացիները, հղիները կամ հստակ հակացուցումներ ունեցողները։ Այս մասին կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Արդյո՞ք ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով պետությունը կարող է իրականացնել պարտադիր պատվաստմանն ուղղված գործողություններ, եթե կարող է, ապա՝ ինչպե՞ս եւ ի՞նչ կարգավորումների հիման վրա։
Բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գեւորգյանը Yerkir.am-ի հետ զրույցում շեշտեց՝ առաջին հայացքից թվում է՝ պարտադրված պատվաստում չկա, մինչդեռ ստեղծում են այնպիսի պայմաններ, որ մարդը ճարահատյալ գնա պատվաստման։ ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ցանկացած բժշկական միջամտություն պետք է լինի բացառապես պացիենտի համաձայնությամբ։
«Բացի Սահմանադրությունից, գոյություն ունի նաեւ միջազգային համաձայնագիր, որում նշված է, որ չեն կարող մարդուն պարտադրել որեւէ բժշկական միջամտություն, ներառյալ՝ պատվաստումները։ Պետության կողմից պարտադրանք չի կարող լինել, բայց պետությունը կարող է բերել այնպիսի օրինագծեր, որ մարդը ստիպված գնա պատվաստման գումար չունենալու պատճառով, աշխատանքը կորցնելու պատճառով եւ այլն։ Այս գործելաոճը որդեգրել են ՀՀ առողջապահության նախարարությունը եւ կառավարությունը»,- ասաց նա։
Հարցազրույցներից մեկում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը նշել է, որ ուսանողները, համալսարանում դասի գնալով, կարող են չպատվաստվել, նրանք նույնպես բացառություն են կազմում:
Գեւորգյանի խոսքով՝ ուսանողների չպատվաստվելը ոչ մի կերպ արդարացված չէ, քանի որ ուսանողները վիրուսը տարածողներ կարող են լինել։ «Կառավարության անդամները չափազանց վախենում են փողոցային ակցիաներից եւ բողոքից, ուստի որոշել են ուսանողներին ձեռք չտալ՝ «Մենք իրենց չկպնենք, իրենք մեզ չեն կպնի» սկզբունքով»,- նշեց Գեւորգյանը։
Բացառություն են կազմում նաեւ հղիները, նրանք եւս կարող են չպատվաստվել։ Ըստ զրուցակցիս՝ հղիների մասով դեռեւս բավարար դրական հիմքեր չկան՝ պատվաստանյութի անվտանգության առումով, բավարար հիմքեր չկան նաեւ այն մարդկանց համար, որոնք պատրաստվում են հղիանալ եւ երեխաներ ունենալ, դեռեւս հայտնի չէ անգամ, թե տղամարդու վրա պատվաստանյութն ինչպես է ազդում։
«Պետք է ժամանակ անցնի, որպեսզի հետազոտվեն վերարտադրողական տարիքում գտնվող մարդիկ, հասկանանք՝ արդյո՞ք դա վտանգավոր չէ վերարտադրողական առողջության համար։ Մեր կառավարության համար միեւնույն է՝ իրենք իրենց ծրագիրն են առաջ տանում՝ առանց հաշվի առնելու գիտությունը, բժիշկների կարծիքը, մարդու իրավունքները»,- ասաց Գեւորգյանը՝ շեշտելով՝ կա՛մ պետք է պարբերաբար գումար վճարես ՊՇՌ թեստի համար, կա՛մ հրաժարվես երեխա ունենալուց։ «Մոտավորապես սա է դուրս գալիս»,-հավելեց նա։
Լիանա Սարգսյան