Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հարություն Դելլալյանի 5 կամերային ստեղծագործությունների շնորհանդեսը:
Շնորհանդեսի սկզբում Հարություն Դելլալյանի դուստրը` Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, ջութակահար Նարինե Դելլալյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս նախաձեռնությանը նպաստել է այն փաստը, որ այսօր գնալով ավելի ու ավելի է մեծանում հետաքրքրությունը Հարություն Դելլալյանի ստեղծագործությունների նկատմամբ:
«Սրանք 5 կամերային ստեղծագործություններ են` գրված երաժշտական տարբեր գործիքների համար` ջութակի և դաշնամուրի, թավջութակի և դաշնամուրի… Ստեղծագործություններից երկուսը սովետական տարիներին տպագրված են եղել, բայց մյուս երեքն առաջին անգամ են տպագրվում: Ինձ շատերն են հարցնում, թե որտեղից կարելի է գտնել Հարություն Դելլալյանի ստեղծագործությունները, և ես պատասխան չէի ունենում: Սակայն այսօր այդ խնդիրն արդեն լուծված է` յուրաքանչյուրն իր գրադարանում կարող է ունենալ Հարություն Դելլալյանի 5 ստեղծագործությունների նոտաները»,- ասաց Դելլալյանը:
Հարցին, թե արդյո՞ք կան ստեղծագործություններ, որոնք մինչ այս չեն հանձնվել հանդիսատեսի դատին, Դելլալյանը պատասխանեց` այո, կան նման գործեր: «Հատկապես սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնք դեռևս չեն գտել իրենց կատարողին: Մեր հաջորդ գործը դրանք տպագրելն է լինելու»,- ասաց նա:
Միջոցառման ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը կատարեց Դելլալյանի «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրային սոնատը: Մելիքյանը նշեց, որ Դելլալյանի անունը այսօր շատ է տարածված կոմպոզիտորների շրջանում: Ըստ նրա` ճիշտ է, մեր կոմպոզիտորներից շատերն արտերկրում են ապրում ու ստեղծագործում, սակայն շարունակում են կապ պահպանել հայրենիքի հետ: «Հայ կոմպոզիտորների գործերն արտերկրում ներկայացնելու կարիք կարծես թե չունենք, սակայն ես, օրինակ, միշտ ավելի պարտավորված եմ զգում դրսում հատկապես հայ կոմպոզիտորների գործերը կատարելիս»,- նշեց դաշնակահարը:
Միջոցառման ընթացքում հնչեց բոլորովին վերջերս գրված` բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանի էսսեն, որն ընթերցվեց Դելլալյանի երաժշտության ներքո: Էսսեն ամբողջությամբ ողողված էր Դելլալյանի արվեստի ազդեցության կախարդական ուժով` յուրաքանչյուր բառից, յուրաքանչյուր տողից զգացվում էր ներշնչանքը:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաև WebTV և «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր Արայիկ Մանուկյանի հեղինակած «Հարություն» փաստավավերագրական ֆիլմը: Արայիկ Մանուկյանը նշեց, որ, ռեժիսուրայից հեռու լինելով, տարիներ առաջ լսելով Դելլալյանի գործերը, հասկացել է, որ մինչ այդ չի ճանաչել կոմպոզիտորին: «Հենց այդ զգացողությունն էլ հղացրեց միտքը` նկարել ֆիլմ` նպատակ ունենալով կոմպոզիտորին մոտեցնել մեզ»,- ասաց նա: