Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին անգամ հրատարակվել է Գարեգին Նժդեհի գրական ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն`«Գրական երկեր» անվամբ. հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը: Մինչ այդ` 2003 թ.-ին, լույս էին տեսել նրա` 1910-18 թթ. ստեղծագործությունները: Պատմ. գիտ. թեկնածու, նժդեհագետ Ռաֆայել Համբարձումյանը հավաքել եւ մեկ գրքում զետեղել է մեծ մտավորականի` 1903-1919 թթ. միայն գրական գործերը, այդ թվում` շուրջ 450 ասույթներ եւ մտամասունքներ: Օգտագործվել են նաեւ գործչի ու նրա ընտանիքի արխիվային լուսանկարները:
Գարեգին Նժդեհի արձակ բանաստեղծությունները, էպիգրամները, ասույթներն ու այլ բնույթի ստեղծագործությունները տպագրվել են ժամանակակից մամուլում: Գրքում տեղ են գտել նաեւ մի շարք անտիպ գործեր:
«Նրա գրական ստեղծագործությունների մեջ, իմ կարծիքով, առանձնահատուկ են հատկապես արձակ բանաստեղծությունները: Նա գրել էր, որ ունի բանաստեղծություններ, բայց թե որտեղ էին դրանք, մենք 20-30 տարի չգիտեինք (ի վերջո, մեզ օգնեց Մխիթարյան միաբանությունը): Նա այնպիսի մի գրականություն է ստեղծել, որը մինչ այդ չկար: Նրա գրվածքները ես համարում եմ հայրենասիրական գրականություն: Հետագայում դա մեծ ազդեցություն թողեց Շիրազի, Սեւակի եւ այլոց վրա»,- նշել է Ռաֆայել Համբարձումյանը: