կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 23:49
Հասարակություն

Տեղի ունեցավ «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի պրեմիերան

Տեղի ունեցավ «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի պրեմիերան

Այսօր`  հոկտեմբերի 15-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերան:

Ֆիլմի առաջնախաղին ներկա էին վարպետի  ոչ միայն ընկերները, գործընկերները, հարազատներն ու ուսանողները, այլև արվեստի, գիտության և մշակությի շատ գործիչներ: 

ՀՀ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումները ORDER FILM-ը սկսել է 2020 թվականի հունվարին: Այն բացառիկ վավերագրություն է վարպետի կենսագրության ու մասնագիտական ուղու մասին: Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ Գուրգեն Մուշեղյանն անձամբ է մասնակցել ֆիլմի ստեղծմանը՝ ստեղծագործական քննարկումներին ու նկարահանումներին, տրամադրել անձնական բացառիկ արխիվային նյութ: Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Նարե Աղաբաբյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ դժվարությունները շատ են եղել, հատկապես հետարտադրական փուլում, սակայն ամեն դետալի վրա թիմն աշխատել է անմնացորդ.

«Նկարահանումներն ավարտվելուց 5 օր անց Գուրգեն Մուշեղյանը մահացավ: Հետարտադրական փուլում ստեղծագործական խումբը փորձել է անել առավելագույնը, որպեսզի այն համապատասխանի վարպետի տեսլականին»:

Պրոդյուսերը պատմեց նաև, որ ֆիլմում հանգամանորեն ներկայացվում են նաև վարպետի չիրականացված և անավարտ նախագծերը:

«Կան նախագծեր, որոնք ինչ-ինչ պատճռաներով կյանքի չեն կոչվել, սակայն երբ ուսումնասիրում ենք 80-ականների ճարտարապետությունը, տեսնում ենք, թե որքան ակտուալ են դրանք  նաև այսօր: Կարելի է ասել, թե ժամանակի մեքենա է աշխատել, որովհետև զարմանալի է, որ կարելի է ստեղծել մի բան, որը համահունչ կարող է լինել նաև այսօրվա մտածելակերպին: Անխոս է` Գուրգեն Մուշեղյանն ապագայի հստակ տեսլական է ունեցել»:

Նկարահանումները տեղի են ունեցել վարպետի հարազատ քաղաքներում՝ Գյումրիում, Երևանում, ինչպես նաև՝ Մոսկվայում: Ֆիլմի ստեղծման աշխատանքները համընկել են համավարակի, ապա նաև պատերազմի հետ, որը կրկնակի, եռակի անգամ դժվարացրել ու սահմանափակել է ստեղծագործական խմբի աշխատաքները:

Սա Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ու վարպետի մասնակցությամբ միակ ֆիլմն է: Ֆիլմում հնչում է Գուրգեն Մուշեղյանի դստեր`  կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանի ստեղծագործությունը:

«Երբ Արաքսյան միացրեց երաժշտությունը, հասկացանք, որ նրանից բացի ոչ ոք չէր կարող այսպես գրել  այս ֆիլմի երաժշտությունը: Դա հենց Գուրգեն Մուշեղյանի երաժշտությունն է կարծես», ասում է երիտասարդ պրդյուսերը:

Նշենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Հայկ Օրդյանը, իսկ Գուրգեն Մուշեղյանի մյուս դուստրը` Աննա Մուշեղյանը, հանդիսանում է ֆիլմի համապրոդյուսերը:

Հ.Գ. Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը հայկական խորհրդային մոդեռնիզմի ամենավառ անհատներից մեկն է: Նա իր համախոհ-գործընկերների հետ մեզ նվիրեց «Հրազդան» մարզադաշտը, Գյումրիի օդանավակայանը, Մարզահամերգային համալիրն ու մի շարք այլ կառույցներ: Ցավոք, ունեցավ նաև անավարտ նախագծեր:

«Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմը Վարպետի վերջին ներկայությունն է: