կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-18 23:30
Մշակույթ

Տեղի ունեցավ Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմի պրեմիերան

Տեղի ունեցավ Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմի պրեմիերան

Այսօր՝ մայիսի 18-ին, Կինոպարկի միաժամանակ մի քանի դահլիճներում տեղի ունեցավ Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմի պրեմիերան։

Այն անցավ մեծ ոգևորությամբ․ հյուրերը կինոաշխարհի ներկայացուցիչներ էին, դերասաններ, լրագրողներ․․․ ընկերներ։

Ֆիլմի ավարտից հետո դահլիճը երկար ժամանակ ծափահարում էր։

Ֆիլմը շատ անկեղծ պատմություն է, որը բացահայտում է իրական պատկերներ էներգետիկ ճգնաժամի տարիներից։

Այն եռապատման երկրորդ ժապավենն է․ առաջինը Սպիտակի ավերիչ երկրաշարժի թեմայով էր, երկրորդը՝ «մութ ու ցուրտ» տարիների, երրորդը կպատկերի 1990-ականների գոյամարտը։

«Լույսի կաթիլների» գլխավոր դերակատարները՝ Սասուն Սարգսյանը և Էմմա Բաբախանյանը ոչ թե դերասաններ են, այլ նկարիչներ, որոնց ֆիլմի ռեժիսոր Արման Չիլինգարյանը ընտրել է մոտ 200 թեկնածուներից։ Նրանք դերի մեջ են մտել այնքան բնական, կարծես դա հենց իրենց իրական կյանքը լինի։

Ֆիլմում այլ՝ հետաքրքիր, ամբողջական կերպարներ էլ կան՝ ինքնատիպ խառնվածքով ու ճակատագրով։

Մի քանի հատվածում դիտողին պարզապես էլեկտրականացնող ֆիլմի հանգուցալուծումը ևս տպավորիչ է։

«Լույսի կաթիլները» Արման Չիլինգարյանը նկարահանել և մշակել է 6 տարի շարունակ։ Այն արդեն ներկայացվեց դիտողի դատին։

Արման Չիլինգարյանը ավարտել է Մոսկվայի Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն կուրսերը՝ Վ. Խոտինենկոյի խաղարկային կինոյի արվեստանոցում, ինչի ազդեցությունը զգալի է նրա հոգեզավակի՝ «Լույսի կաթիլների» վրա։

Դիտեք նաև՝ Աճող սերունդը կորցրեց կողմնորոշիչները վատ կինոյի պատճառով․ «Լույսի կաթիլների» ռեժիսորը՝ թշնամի հարևանի և կասկածների մասին։