կարևոր
727 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-01 14:28
Քաղաքական

«Խնդրում եւ առաջարկում ենք Վեհափառ Հայրապետին»․ Միքայել արք․ Աջապահյանի եւ Բագրատ արք․ Գալստանյանի հայտարարությունը

«Խնդրում եւ առաջարկում ենք Վեհափառ Հայրապետին»․ Միքայել արք․ Աջապահյանի եւ Բագրատ արք․ Գալստանյանի հայտարարությունը

Երեկ «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր կալանավայրում գտնվող սրբազանների՝ Միքայել արք․ Աջապահյանի եւ Բագրատ արք․ Գալստանյանի հայտարարությունը, որը տրամադրվել էր կայքին։ Նախորդ հայտարարությունը սրբազաններն արել էին 9 եպիսկոպոսների առաջին հայտարարությանը ծանոթանալուց եւ նրանց՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Այսօր հրապարակում է քաղբանտարկյալ սրբազանների երկրորդ հայտարարությունը, որը հաջորդել է 10 սրբազանների երկրորդ հայտարարությանը։

«Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունից հետո բեմականացված խայտառակությունը, ինչպես նաեւ հաջորդող զարգացումները մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետեւյալ արձանագրումները․

ա/ Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ը պաշտոնապես հայտարարել են, որ իրենք այլեւս չեն ցականում մաս կազմել մեր եղբայրության, ուստի մենք ճանաչում ենք իրենց խորթ եւ օտար, որոնց նկատմամբ, ցավոք, 20-ից 40 տարի եղբայրական զգացումներ ենք տածել՝ ինչը բազմիցս ապացուցել ենք գործով եւ խոսքով․ որոշումը ձերն է եղել՝ մեզ չմեղադրեք։․․․

բ/ Կատարվածը վերին աստիճանի նենգ եւ տիրադավ դավաճանություն է՝ դավադրաբար եւ ստորաբար, ինչը խորշելի է անգամ աշխարհականների, էլ ուր մնաց բարձրաստիճան հոգեւորականների պարագայում։ Իրենք կարող էին ամեն ինչ անել բացեիբաց՝ եկեղեցական ատյաններում, արտահայտելով իրենց դժգոհությունն ու պահանջները, մինչեւ անգամ վերջնագիր ներկայացնելով Վեհափառ Հայրապետին, սակայն գերադասել են գործել գաղտագողի եւ թաքուն՝ իբրեւ շարքային դավադիրներ։

գ/ Նրանցից յուրաքանչյուրը մեր աչքերի առջեւ եւ ներկայությամբ առիթը եւ հնարավորությունը չի փախցրել քծնելու եւ շողոքորթելու Վեհափառ Հայրապետին, ում հայրական խնամքը վայելելով բարձրագույն կոչումներ եւ պաշտոններ են ստացել եկեղեցում՝ բացարձակ անարժան լինելով զբաղեցրած դիրքին, ինչի խոսուն վկայությունն է իրենց քստմնելի արարքը։ Եթե Վեհափառը սխալվել է որեւէ բանում փաստորեն դա եղել է իրենց նկատմամբ ունեցած վստահությունը, նրանց գործած բազմաթիվ եւ զանազան մեղքերը իր վրա վերցնելով՝ հայրական հոգածության ներքո պահելով նրանց։

դ/ Տիրադավներից առնվազն 6-ը մասնակցել են 1999 թ Ազգային եկեղեցական ժողովին եւ հայտնապես քվեարկել են օրվա Վեհափառ Հայրապետի օգտին, ինչի մասին եւ հպարտորեն հայտարարել են 26 տարի շարունակ՝ նաեւ չմոռանալով ծաղրել այն հոգեւորականներին, ովքեր ընտրության իսկ չմասնակցելով երբեւիցե դրական են արտահայտվել ասպարեզում եղած այլ թեկնածուների նկատմամբ։

ե/ Մյուս 4 տիրադավները ուսանողությունից մինչեւ աբեղայություն եւ եպիսկոպոսություն վայելել են Հայրապետի խնամքը, ինչի շնորհիվ առաջխաղացման են հասել նույն Հայրապետի ձեռամբ՝ արժանանալով եպիսկոպոսական օծման եւ ձեռնադրության։ Սա խոսում է իրենց կերպարի մասին։

զ/ Կարելի է, հարկավոր է, գուցե եւ պետք է ամեն ինչում չհամաձայնել Վեհափառ Հայրապետի հետ, ինչը իրենք երբեք չեն արել անցնող 26 տարիներին եւ դեռ հակառակը՝ սողացել են, մինչ մենք դա արել ենք բազմիցս՝ մեզ ենթարկելով Հայրապետի հանդիմանությանն ու դժգոհությանը։ Այսու, 26 տարվա շարունակական քծնանքից հետո գլխակորույս սողալը անպատկառ եւ հայրենադավ իշխանավորների առջեւ՝ իրենց կաշին ինչ- որ բաներից փրկելու համար եւ ինչ-որ անորոշ «սկզբունքներ» պաշտպանել երկրի թիվ 1 անսկզբունքայինի հետ՝ ինքնաոչնչացում է։ Հիրավի նմանը նմանին է գտնում, տիրադավը՝ հայրենադավին, հուդաները՝ նիկոլայիդներին։

է/ Տիրադավները ստեղծել են մի վիճակ, որը Հայ եկեղեցում աննախադեպ է գեթ վերջին 200 տարում։ Ուստի անհրաժեշտ է աննախադեպ պատասխան եւ արձագանք․․ խոտորնակին՝ խոտորնակ, ինչպես ասում է ժողովրդական իմաստնությունը։

Խնդրում եւ առաջարկում ենք Վեհափառ Հայրապետին․

1․ Դադարեցնել հերձվածող եւ անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը, ովքեր իրենց վարքով արդեն իսկ կայացրել են իրենց դատավճիռը։

2․ Անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում։

3․ Հրավիրել եպիսկոպոսաց ժողով՝ ապահովելով մեր երեք սրբազանների մասնակցությունը կամ՝ մեր ազատությունից հետո։

4․ Եպիսկոպոսաց ժողովից հետո կարելի կլինի գումարել Ազգային եկեղեցական ժողովը։

Դիմում ենք տվյալ թեմերի քահանաներին՝ դուք պարտավոր եք այլեւս չենթարկվել ձեր հերձվածող առաջնորդներին եւ վայրկյան առաջ հավատարմություն հայտնել Վեհափառ Հայրապետին եւ ենթարկվել Նորին Սրբության տնօրինություններին։

ը/ Եւ վերջում ուզում ենք հույս հայտնել, որ տիրադավներից ոմանք կգնան Պետրոսի ճանապարհով եւ դառն լացով կփորձեն զղջմամբ գեթ հոգեւորական մնալ, մինչ մյուսներին սպասում է Հուդայի ճակատագիրը։

Քահանայք եւ ժողովուրդք, փարված մնացեք մեր Սուրբ եկեղեցուն եւ հավատարիմ հայոց օծյալ Հայրապետին։ Մեզ բոլորիս համար փորձության եւ փորձվելու ժամ է։ Չարը մռնչում է՝ կլանելու յուրաքանչյուրիս եւ բոլորիս միասին։ «Մեր միջից ելան սրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ սրանք ամենքը մեզնից չեն» (Ա Հովհ․ Բ։ 12)։

«Հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, հարատեւ աղոթեք․․․Մի պարտվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին» (Հռոմ․ ԺԲ։ 11-13, 21)։

Հ․ Գ․ Աստված մի արասցե, որ մի օր պարզվի, որ տիրադավները դերակատարություն են ունեցել նաեւ մեր եւ Մկրտիչ սբազանի ազատազրկման հարցում, ինչում կասկածելու բոլոր հիմքերն առկա են»։

2025 թ․ նոյեմբերի 30