Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ի կողմից կազմակերպված «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովի ժամանակ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին:
«Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չեն ասել, որ մասնակցելու են հերթական զորավարժություններին: Մեր պլանավորման մեջ որոշակի փոփոխություններ են եղել»,- ասաց նա:
Անդրադառնալով վրացական կողմի մեկնաբանությանը, թե Հայաստանը վերջին պահին է հրաժարվել զորավարժություններից, Զաքարյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու է վրացական կողմը նման մեկնաբանություն տվել: Նա նաև հայտնեց, որ Վրաստանում այդ զորավարժություններին հայկական կողմի մասնակցությունը պայմանավորված չէ ադրբեջանական կողմի մասնակցությամբ:
Զաքարյանի պնդմամբ` մեր չմասնակցելը ոչ մի խնդիր չի առաջացնի: «Ոչ մի խնդիր չի լինի: ՆԱՏՕ-ն կա, եղել է և շարունակելու է մնալ մեր գործընկերը: Մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք, և մեր անվտանգության գլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգն է: Համագործակցության` մեր բոլոր մնացած խնդիրներն անընդհատ փորձում ենք սև և սպիտակի բաժանել»,- ասաց նա:
Զաքարյանի խոսքով` մեր ռազմաքաղաքական դիվանագիտությունն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը և իր գործողություններով լիարժեք վստահ որոշումներ է կայացնում:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հետաքրքրվեց` Հայաստանն ինչպե՞ս է որոշում` որոշ զորավարժությունների մասնակցել, որոշներից հրաժարվել: Զաքարյանը պատասխանեց. «Որևէ արտառոց բան չկա, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մասնակցում են որևէ բազմակողմ ծրագրի կամ չեն մասնակցում որևէ բազմակողմ միջոցառման»։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ մեր գործընկերությունն ինչ-որ առումով նվազում է կամ ավելանում մեկ այլ օղակի հաշվին: «Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունեն շատ կարևոր դերակատարություն, և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր ու առանցքային նշանակություն ունի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ կառույցի և անդամ երկրների հետ»: