կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-24 13:05
Քաղաքական

Հանձնարարական ոռոգվող հողատարածքների մակերեսների ավելացման վերաբերյալ

Հանձնարարական ոռոգվող հողատարածքների մակերեսների ավելացման վերաբերյալ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ոռոգվող հողատարածքների մակերեսների ավելացման վերաբերյալ։

«Համաձայն հողային հաշվեկշռի տվյալների՝ հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար, սակայն վերջին տարիներին փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազար հեկտարի սահմաններում: Կատարված վերլուծություններից հետևում է, որ ոռոգվող և ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը հատկապես պայմանավորված է հողային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների հնարավորությունների ոչ արդյունավետ օգտագործմամբ, ինչն անթույլատրելի է գյուղացիական տնտեսությունների զարգացման` որդեգրված ծրագրերի պայմաններում»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Հաշվի առնելով վերոնշյալը` վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին ու մարզպետներին` մեկամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տրամադրել ոռոգելի տարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն՝ ըստ պատկանելության:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց վերոնշյալ տվյալները ստանալուն պես երկամսյա ժամկետում ոլորտի շահագրգիռ մարմինների հետ ձեռնարկել միջոցներ ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ և կառավարության աշխատակազմին ներկայացնել հողատարածքների ավելացման վերաբերյալ առաջարկություն՝ նախատեսելով համապատասխան միջոցառումների ժամանակացույց:

«Խնդիրը, ինձ թվում է, շատ պարզ է ձևակերպված: Մենք այստեղ շատ-շատ անելիք ունենք: Իրականում այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք գյուղատնտեսության ոլորտում կիրառել, ապագա չունեն, եթե մենք այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք: Եթե հիշում եք՝ մենք ջրային ստրատեգիայի վերաբերյալ ունենք հանձնարարություն՝ փոքր և միջին ջրամբարների կառուցման առումով, պետք է հստակ Ջրային կոմիտեի առջև ձևակերպել հանձնարարականը և սահմանել մաքսիմալ հսկողություն»,- եզրափակեց Կարապետյանը: