կարևոր
3376 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-28 17:09
Քաղաքական

ՀՀ տարածքում տասնյակ հազարներով անջրդի հողատարածքների խնդիրը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ տարածքում տասնյակ հազարներով անջրդի հողատարածքների խնդիրը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է․ Գառնիկ Դանիելյան

Սիրելի հայրենակիցներ և հետևորդներ․

ՀՀ տարածքում տասնյակ հազարներով անջրդի հողատարածքների խնդիրը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է։

Վերջերս հարցում էի ուղարկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ կապված Տավուշի մարզի Դեղձավան գյուղի մերձակայքում շուրջ 200 հա անջրդի հողատարածքների մասին։

2008 թվականին տեղի ունեցած հայ-վրացական սահմանազատման արդյունքում այստեղ վնասվել են ենթակառուցվածքները։ Ոռոգումը վերականգնելու համար անհրաժեշտ է խողովակների, ներքին ցանցի վերազինում։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից եկել է պատասխան, ըստ որի՝ Զեյթուն-Հաղթանակ եռաստիճան պոմպակայանի երրորդ աստիճանի պոմպակայանը և մղման խողովակաշարը քայքայված են, ենթակա չեն շահագործման, և մասնագետների գնահատմամբ՝ ներկայումս նպատակահարմար չէ ուղղել ֆինանսական միջոցներ դրանց վերականգնմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ֆինանսական միջոցները և պոմպակայանի հետագա սպասարկման ծախսերը մեծ են, և դրանք արդարացված չեն լինի տվյալ հողատարածքների փոքր մակերեսի ոռոգումն ապահովելու դեպքում։

Պատասխանն ինձ համար բացարձակապես հիմնավոր չէ․

2010 թվականին Զեյթուն-Հաղթանակ երրորդ աստիճանի պոմպակայանը մի քանի ամիս գործել է անխափան կերպով։ Ջրի մղման 1 պոմպի առկայությամբ պայմանավորված՝ ջուրը քիչ է եղել, բայց ավելացնելու դեպքում այն լիարժեք կերպով կարող է շահագործվել։

Նշված է, որ մղման խողովակաշարը քայքայված է։ Ինչպե՞ս կարելի է նման եզրակացության գալ միայն արտաքին տեսքը հաշվի առնելով՝ առանց փորձարկելու։

Ոռոգելի ջրի խնդիրը, ենթակառուցվածքները չվերականգնելու դեպքում 2 համայնք՝ մոտավորապես 370 հեկտարով, մնում են անջրդի։

Նշված է նաև, որ Դեղձավան գյուղի 200-ից 50 հեկտարը գտնվում է սահմանային չեզոք գոտում: Մինչդեռ, 50 հեկտարից 45-ը արոտավայր է, անջրդի հողատարածքներ, որոնք պատկանում են համայնքին։ Իսկ 5 հեկտարը պատկանում է տարբեր անձանց։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ պատկան մարմինները չեն տիրապետում խնդրին։ Եվ հիմնավորումը, թե հարցի լուծման համար պահանջվող ֆինանսական ծախսերը նպատակահարմար չեն, բոլորովին համոզիչ չէ։

Շարունակելու եմ պահանջել, որ ինչպես Դեղձավան համայնքի, այնպես էլ մյուս համայնքներում առկա անջրդի հողատարածքների հարցը լուծում ստանա։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ