Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական կետերի հրապարակման շուրջ առաջացած քննարկումներին և աժիոտաժին:
Նա նշեց, որ Հոգլանդի ներկայացրածը հաշվետվություն է եղել միջազգային լրատվամիջոցներին, որպես ՄԽ ամերիկացի ժամանակավոր համանախագահ, իր կատարածի մասին: «ԱՄՆ-ը նոր դիվանագետ է նշանակել: Ըստ էության` Հոգլանդը չի ասել որևիցե նոր բան, որ չի ասել ամերիկացի նախորդ համանախագահ Ուորլիքը: Մի քանի տարի առաջ նրան նախորդած Ուորլիքն էլ էր խնդրից խոսել, նույն դրույթները ներկայացրել»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` Հոգլանդի ներկայացրածը Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված առաջարկություններ են, որոնց ինչ-որ դրույթների մասով Հայաստանն ունի վերապահումներ, որոշների մասով էլ` Ադրբեջանը:
«Այստեղ նորության չկա, 1974 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա մշակված թեզերի խումբ է, որը բանակցային սեղանին է եղել: Ադրբեջանը փաստացի հրաժարվել է Մադրիդյան սկզբունքներից, իսկ այս դրույթները Մադրիդյան սկզբունքների հիման վրա ավելի նեղ` թեզիսային մակարդակով մշակված կետեր են: Որևիցե նորություն չկա, աժիոտաժի պատճառ ու հիմք էլ չեմ տեսնում»,- հավաստիացրեց Հակոբյանը:
Նրա խոսքով` երբ միջնորդները ներակայացնում են հակամարտության կարգավորման ծրագիր, հակամարտող կողմերի համար դա չի կարող մինչև վերջ ընդունելի ու դուրեկան լինել, որովհետև երկու կողմն էլ ձգտում են առավելագույնի հասնել: «Հայաստանը պատերազմում հաղթել է Արցախի հետ և ցանկանում է մաքսիմալ օգուտներ քաղել: Ադրբեջանը պարտվել է, բայց, միևնույն ժամանակ, նա էլ փորձում է այս ամեն ինչից մաքսիմալ օգուտ ունենալ: Համանախագահների խնդիրն այն է, որպեսզի կարողանան այնպիսի մի փաստաթուղթ մշակել և առաջարկել, որը կողմերի համար ընդունելի կլինի»,- նշեց պատգամավորը, ապա կրկին հավաստիացրեց, որ աժիոտաժի առիթ բացարձակապես չկա:
«Հաշվետվություն է տվել, պատասխանել է լրագրողների հարցերին և ներկայացրել հիմնական շրջանակը, որի մասով պետք է հակամարտությունը լուծվի կամ բանակցությունները պետք է այդ ուղղությամբ շարունակվեն: Սրանից սենսացիա ու աժիոտաժ սարքելն անիմաստ է»,- ասաց նա:
Ի դեպ, Հակոբյանը նշեց, որ հետաքրքիր էին նաև ադրբեջանցի լրագրողների հարցերը` թե ինչո՞ւ փաստաթղթում չկա «տարածքային ամբողջականություն» տերմինը: