Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը ժամանակին իր տպագրված լուսանկարները ոչնչացրել էր, պահպանվել էին միայն այդ նկարների սևապատկերները: Հարազատների ու ընկերների ջանքերի շնորհիվ` Հարությունյանը համաձայնել է պահպանված նկարները հանրությանը ներկայացնել` «Ժամանակի ստվերները» խորագրով ցուցահանդեսով:
Օգոստոսի 25-ին Նկարիչների միությունում կբացվի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի առաջին հետահայաց ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կյանքի է կոչվել «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության և «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից:
«Ժամանակի ստվերները» ցուցահանդեսում հայկական իրականությունն է` 1970-1995թթ. Խորհրդային Հայաստանի լավ ու վատ կողմերն ընդգրկող: Yerkir.am-ի հետ զրույցում Հարությունյանի ընկերը` ազգագրագետ Լևոն Աբրահամյանը, նշեց, որ Գագիկին վաղուց է ճանաչում, նրա գործունեությանը 70-ականներից է հետևում:
«Իմ կենսագրությունն էլ է ինչ-որ չափով նրա նկարներում արծարծված, քանի որ նա նկարում էր այն, ինչ մենք ապրում էինք այդ տարիներին: Գագիկ Հարությունյանը պահը չէր նկարում, սակայն չի նշանակում, որ նա բաց է թողել պահերը, ոչ, նա ուղղակի չի վազում պահի հետևից: Պատմության մեջ պատմագիրներ և պատմաբաններ կան, չէ՞, Գագիկը պատմաբանի նման է` պատմում է այն մասին, ինչ կար այդ ժամանակաշրջանում: Նա, օրինակ, շարքերով լուսանկարներ ունի Սովետաշենի թռչնաբուծարանի, Ղարաբաղյան ազատամարտի և այլ դեպքերի մասին»,- ասաց Աբրահամյանը:
Ըստ նրա` Հարությունյանի նկարները երկիմաստ են, իսկ սև ու ստիպակի խաղի` ստվերի միջոցով էլ փորձում է պատկերների, դրանցում առկա պատմության խորքը ցույց տալ: «Սև ու սպիտակի միջոցով պատկերներն ավելի խորքային են, քանի որ հաճախ գույնը խանգարում է տեսնել պատկերի մյուս կողմը, պատկերում առկա բոլոր շերտերը»,- ասաց Աբրահամյանը:
Ի դեպ, ցուցահանդեսի բացման արարողության օրակարգում ընդգրկված է նաեւ Գերմանիայի Հալլե քաղաքում հրատարակված երկլեզու պատկերագրքի շնորհանդեսը: Պատկերագրքում Գագիկ Հարությունյանի ամբողջ ստեղծագործական ուղին ընդգրկող 183 աշխատանք է, որոնց մեծ մասը ներկայացվում է հանրությանն առաջին անգամ: