Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողները արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հարցրեցին «Տեղեկատվության մասին» օրենքի նոր նախագծի մասին, ըստ որի` էականորեն սահմանափակվելու է տեղեկություններ ստանալու իրավունքը, կան վիճահարույց և ոչ հստակ ձևակերպումներ:
Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ արդարադատության նախարարությունը որևէ նախագիծ չի շրջանառել, և իր անունից որևէ նախագիծ չի ներկայացվել հանրային քննարկման, իսկ այն, ինչ հիմա քննարկվում է, անհայտ ծագում ունի:
Նախարարը նշեց, որ աշխատանքներ տարվում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի վերաբերյալ, և երբ պատրաստ լինեն մոտեցումները, դրանք անպայման կներկայացվեն հանրությանը, կդրվեն հանրային քննարկման: Առայժմ խոսք չպետք է գնա որևէ նախագծի կամ, այսպես կոչված, «սևագիր» տարբերակի մասին:
«Հարցը, իհարկե, պետք է կարգավորվի օրենքով, իսկ ի՞նչ ձևով պետք է կարգավորվի, մենք կքննարկենք ձեզ հետ, կլսենք ձեր կարծիքը: Եթե լուծումները չբավարարեն, միասին լուծումներ կփնտրենք: Մի բան ակնհայտ է՝ յուրաքանչյուր երկիր որոնում է ճանապարհներ՝ ինչպես թույլ չտալ իրավունքի չարաշահմամբ տեղեկատվություն պահանջել»,- հայտարարեց Հարությունյանը:
Ավելին, նախարարի խոսքով, ինքը ոչ պակաս քննադատում է որոշ մոտեցումներ, օրինակ` կարծում է, որ իրավունքի չարաշահմամբ տեղեկատվություն ստանալ կարելի է, բայց դրա դեմ մեխանիզմները պետք է բալանսավորված լինեն, որպեսզի տեղեկատվության ազատության իրավունքը չխոչընդոտվի:
«Քանի դեռ չենք ներկայացրել որևէ փաստաթուղթ արդարադատության նախարարության անունից, մի' քննադատեք այլ մարդկանց առաջարկությունները՝ դա վերագրելով ինձ»,- հորդորեց նախարարը լրագրողներին: