կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-25 10:59
Հասարակություն

Վարչապետը կներկայացնի արդյունքները. Գագիկ Խաչատրյանը՝ ի հակադրություն վարչապետի

Վարչապետը կներկայացնի արդյունքները. Գագիկ Խաչատրյանը՝ ի հակադրություն վարչապետի

Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումներին զարմանալի է, բայց ներկայացել էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նիստից առաջ, օգտվելով առիթից, լրագրողները հարցեր ուղղեցին նրան, մասնավորապես, թե ի՞նչ արդյունք ունեցան Գագիկ Ծառուկյանի բիզնես գործունեության ոլորտում հարկային մարմինների իրականացրած գործողությունները: Նախարարը նշեց, որ առաջիկայում իրենք այդ ստուգումների արդյունքները կներկայացնեն վարչապետին, որից հետո կհրապարակվեն արդյունքները:

 

«Ստուգումները` որպես ստուգումներ, միայն ֆինանսահաշվային ստուգումները չեն, ընթացիկ բոլոր տեսակի ստուգումների շարք ունենք, որոնք անընդհատ շարունակվում են: Չափագրումներ, գույքագրումներ, հսկիչ դրամարկղային ստուգումեր: Այնպես չի, որ միայն ֆինանսական ստուգումները արեցինք, և վերջ: Մենք կներկայացնենք հանրապետության վարչապետին, ինքը կհրապարակի»,- ասաց Խաչատրյանը:

 

Հետաքրքրական է, որ օրեր առաջ` ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույն հարցն ուղղել էր վարչապետին, վարչապետն ասել էր, որ արդյունքները կներկայացնի համապատասխան նախարարությունը, իսկ այսօր Գագիկ Խաչատրյանը նշեց, որ արդյունքները կհանձնեն վարչապետին, և նա կհրապարակի:

 

Լրագրողների այն հարցին` արդյո՞ք Սերժ Սարգսյանի մտավախությունները Գագիկ Ծառուկյանի հարկային պարտավորությունների վերաբերյալ համապատասխանում են իրականությանը, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց խորհրդով` չշտապել: «Երբ որ կլինեն տվյալները, կհրապարակվեն, հետո ենթադրությունները կանեք: Ինչո՞ւ եք շտապում: Երբ կլինեն տվյալները, հետո ինչ ենթադրություններ կուզեք, կանեք»,- ասաց նախարարը:

 

Հարցին, թե հնարավո՞ր է, որ, ինչպես ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ գործողությունների պես, հարկային ստուգումներն էլ կանգ կառնեն, նա պատասխանեց, որ երբեք հարկային ստուգումները չեն կարող կանգնեցվել: «Այս տարիներ ընթացքում երբևիցե նկատած չեք լինի, որ հարկային մարմինը որևիցե ավելորդ կամ պակաս վերլուծություն անի: Լինի քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա` կապ չունի»,- ասաց Խաչատրյանը: