կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-03 15:27
Իրավական

Անչափահաս երեխաներին վտարում են բնակարանից. քաղաքացու ունեզրկման հետքերով

Անչափահաս երեխաներին վտարում են բնակարանից. քաղաքացու ունեզրկման հետքերով

Երևանի` խաբեության զոհ դարձած  բնակիչ Գագիկ Տեր-Մարկոսյանն ընտանիքի հետ հայտնվել է միակ կացարանից զրկվելու փաստի առջև: Տեր-Մարկոսյանը երրորդ կարգի հաշմանդամ է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա: Օրեր առաջ նա ստացել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ Վաղարշյան 18ա շենքի թիվ 16 բնակարանից իրենց վտարելու պահանջի վերաբերյալ վճիռը:

Yerkir.am-ի հետ զրույցում Տեր-Մարկոսյանը պատմեց իր ունեզրկման պատճառների, պաշտոնատար անձանց անբարեխիղճ աշխատանքի հետևանքով վերջին կացարանից զրկվելու վտանգի մասին: Ըստ նրա` դեռևս 2008-ին դարձել է խաբեության զոհ՝ կորցնելով զգալի չափով գույք ու գումար: «2008-ին խաբեությամբ ինձ կողոպտեց «ԱՐՄՌՈՍԿՈ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Նինա Ռոստոմյանը: Այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ , սակայն հետագայում կասեցվել է՝ Ռոստամյանին չհայտնաբերելու հիմքով»,- պատմեց քաղաքացին՝ նշելով, որ այդ ընթացքում հսկայական պարտքեր է կուտակել և լուրջ հիվանդություն ձեռք բերել:

Բուժվելու և պարտքերը փակելու նպատակով Տեր-Մարկոսյանը ցանկացել է 40.000 դոլարին համարժեք դրամի չափով վարկ վերցնել, սակայն, քանի որ այդ ժամանակ ինքն ու կինն աշխատանք չունեին, բանկերը հրաժարվել են վարկ տրամադրել: «Չկարողանալով այլ աղբյուրներից գումար հայթայթել` ըներոջս՝ Գրիգոր Հովհակիմյանի հետ համաձայնության եկանք, որ նա, հիպոթեքային վարկ վերցնելով, գնի իմ բնակարանը, այսինքն` կնքվի ձևական գործարք, իսկ ես մարեմ վարկի գումարը: Ստանալով գումարը` մարեցի պարտքերիս և սկսեցի բուժումս»,- պատմեց նա:

Տեր-Մարկոսյանը հայտնեց, որ սահմանված գրաֆիկով մարել է հիփոթեքային վարկը, բանկի հանդեպ ժամկետանց պարտավորություններ չի ունեցել: «Որոշ ժամանակ անց Գրիգոր Հովակիմյանը սնանկացավ, արդյունքում` աճուրդի դրվեց Հովակիմյանի կողմից գնված, սակայն իրականում ինձ պատկանող բնակարանը: Մի քանի անգամ աճուրդը չկայանալու հետևանքով բնակարանիս արժեքը երկու անգամ իջավ` նախնական գնի համեմատ, և բանկը Գրիգոր Հովակիմյանին զգուշացրեց, որ եթե Գրիգորը չգնի բնակարանը, այն կդառնա բանկի սեփականությունը: Ես որոշեցի մասնակցել աճուրդին և ետ գնել բնակարանս»,-պատմեց նա:

Տեր-Մարկոսյանի խոսքով՝ աճուրդը պետք է կայանար 2016 թ. մայիսի 6-ին: «Աճուրդի անցկացումից մեկ օր առաջ ինձ մոտ առկա էր աճուրդին մասնակցելու համար նախատեսված 800.000 դրամ կանխավճարից 600.000 դրամը: Դիմեցի աճուրդի կազմակերպիչ, սնանկության գործերով կառավարիչ Անդրանիկ Ելինյանին՝ ճշտելու` արդյո՞ք մնացած 200.000 դրամը հնարավոր է վճարել հենց աճուրդի անցկացման օրը: Ելինյանն ինձ վստահեցրեց, որ, ինձնից բացի, այլ հայտ ներկայացնող չկա, աճուրդը չի կայանալու և կարիք էլ չկա հայտ ներկայացնելու: Նա հայտնեց, որ հաջորդ աճուրդը կկայանա 20 օր անց, որին հանգիստ կարող եմ մասնակցել՝ վճարելով նախատեսված 800.000 դրամը` ամբողջությամբ: Վստահելով Անդրանիկ Ելինյանի խոսքին` գնացի տուն»,- պատմեց քաղաքացին:

Տեր-Մարկոսյանի խոսքով՝ սնանկության գործերով կառավարիչն իր գլխի տակ փափուկ բարձ է դրել, և առանց իրեն անցկացրել են մայիսի 6-ի աճուրդը: «Մայիսի 10-ին ինձ զանգահարեց Գրիգորը և հայտնեց, որ Անդրանիկը զանգահարել է իրեն ու տեղեկացրել, որ մայիսի 6–ին աճուրդը կայացել է, և ինչ-որ գնորդ՝ ոմն Թամարա Դրոշակիրյան, իր փաստաբան Վահագն Դավթյանի հետ գնել է բնակարանը»,- պատմեց նա՝ նշելով, որ լուրն իմանալուց անմիջապես հետո զանգահարել է սնանկության գործերով կառավարչին՝ ճշտելու, թե ինչո՞ւ չի տեղեկացրել աճուրդի անցկացման մասին: «Անդրանիկ Ելինյանը շատ տարօրինակ պատասխան տվեց, ասաց, որ ինձ չի տեղեկացրել, քանի որ վախեցել է, թե ես կգնամ ու կծեծեմ Վահագն Դավթյանին: Այնուհետև, չգիտես` ինչու, Դավթյանի համար չանհանգստանալով, սնանկության գործերով կառավարիչն ինձ տվեց Վահագն Դավթյանի հեռախոսահամարը՝ հորդորելով նրա հետ լուծել ծագած խնդիրները»,- պատմեց տուժած քաղաքացին:

Նշենք, որ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի համաձայն, պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան՝ այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին` սույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը:

Նույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ պարտատերերին և պարտապանին կառավարիչը պետք է պատշաճ ծանուցի: Ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ հանձնվում է ստացականով:

Տեր-Մարկոսյանի կարծիքով` սնանկության գործերով կառավարչի բանավոր հավաստիացումները, թե իբր աճուրդը չի կայանալու, իրականում կեղծ էին: Նա հայտնեց, որ դրանից հետո զանգահարել է փաստաբան Վահագն Դավթյանին, ներկայացրել իրավիճակը, խնդրել իր ընտանիքին փողոցում չթողնել՝ փոխարենը խոստանալով վերադարձնել աճուրդի կայացման համար ծախսված կանխավճարը՝ դրան ավելացնելով 100.000 դրամ գումար: «Վահագն Դավթյանը պատասխանեց, որ ինքը կխորհրդակցի Դրոշակիրյանների հետ և ինձ տեղյակ կպահի, սակայն այդպես էլ չզանգահարեց: Մի քանի օր անց իմացա, որ նա, անտեսելով իմ խնդրանքը, արդեն վճարել է բնակարանի աճուրդով նախատեսված ամբողջ գումարը: Այնուհետև ես փորձեցի կապ հաստատել Դրոշակիրյանի հետ, ով ասաց, որ հարցերն ուղղեմ Վահագն Դավթյանին: Դրանից հետո ինձ զանգահարեց Վահագն Դավթյանն ու հարցրեց, թե ես ի՞նչ եմ առաջարկում: Ես ասացի, որ պատրաստ եմ բնակարանի համար նրանց վճարած 13 մլն 500 հազար դրամի փոխարեն 3 ամսում վճարել 14 մլն դրամ՝ կես մլն դրամ ավելի: Դավթյանն ասաց, որ կմտածի առաջարկի մասին և կտեղեկացնի: Մոտ երեք շաբաթ անց Վահագն Դավթյանը նորից զանգահարեց ինձ և առաջարկեց բնակարանս ինձ վաճառել 20 մլն դրամով: Ես կտրուկ մերժեցի նրա առաջարկը»,- պատմեց Տեր-Մարկոսյանը:

Քաղաքացին կասկածներ ունի, որ Դավթյանը, խոստանալով խորհրդակցել Դրոշակիրյանների հետ, իրականում ժամանակ էր շահում բնակարանի նկատմամբ Թամարա Դրոշակիրյանի սեփականության իրավունքը ձևակերպելու համար՝ նպատակ ունենալով այդ բնակարանը հետագայում վաճառել ավելի բարձր գնով: «Այն, որ բնակարանի հետ կապված բոլոր հարցերով ինձ հետ խոսել է Վահագն Դավթյանը, հիմք է տալիս եզրակացնելու, որ բնակարանի իրական գնորդը ոչ թե Թամարան է, այլ հենց Վահագն Դավթյանը»,- ասաց նա:

Նշենք, որ Վաղարշյան փողոցում գտնվող բնակարանից Տեր-Մարկոսյանին և նրա ընտանիքին վտարելու վերաբերյալ դատարանի վճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել: Մինչ այդ Տեր-Մարկոսյանը հույս ունի խնդիրը լուծել հաշտության ճանապարհով: «Հույս ունեմ, որ ինչ-որ կերպ հնարավոր կլինի լուծում գտնել՝ հաշվի առնելով անչափահաս երեխաներիս՝ փողոցում հայտնվելու վտանգը»,- նշեց մեր զրուցակիցը:

Խնդրի առնչությամբ Yerkir.am-ը զրուցեց նաև փաստաբան Վահագն Դավթյանի հետ: Նա հաստատեց, որ Վաղարշյան 18 ա շենքի թիվ 16 հասցեում գտնվող բնակարանն աճուրդով գնել է իր վստահորդը՝ Թամարա Դրոշակիրյանը: Նա հայտնեց, որ աճուրդի անցկացման մասին տեղեկացել է հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքի՝ azdarar.am-ի միջոցով և որևէ պայմանավորվածություն չի ունեցել սնանկության գործերով կառավարչի հետ: Դավթյանի խոսքով՝ սնանկության գործերով կառավարիչը շատ բարյացակամ էր տրամադրված պարտապանների նկատմամբ: «Հնարավոր է սնանկության գործերով կառավարիչը տեղյակ չլիներ աճուրդի մասին, դատարանի գրասենյակից չիրազեկեին»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է հաշտության եզրեր գտնել Տեր-Մարկոսյանի հետ ՝ հաշվի առնելով անչափահաս երեխաների` դրսում հայտնվելու վտանգը, փաստաբանը պատասխանեց. «Տարբեր բաներ քննարկել եմ իր հետ, տարբեր բաներ առաջարկվել է, ես չեմ կարող բացահայտել քննարկումների պայմանները: Իրենք եթե առաջարկություն ունեն, այդ առաջարկյությունը կարող ենք քննարկել: Այն, ինչ իրենք առաջարկել են, դա ընդունելի չէ»: Ի դեպ, նա նշեց, թե չի հիշում, թե որքան գումար են առաջարկել իրեն բնակարանը վաճառելու դիմաց:

Փաստաբանը միաժամանակ շեշտեց, որ պետք է հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության հարցը` միևնույն ժամանակ համաձայնելով, որ անչափահասների իրավունքները գերակա են սեփականության իրավունքի նկատմամբ:

Նշենք, որ ստեղծված խնդրի կապակցությամբ Գագիկ Տեր-Մարկոսյանը դիմել է նաև ՀՀ վարչապետին և նախագահին:

Սա միակ դեպքը չէ, երբ սնանկության գործերով կառավարիչների ոչ պատշաճ գործողությունների արդյունքում տուժում են քաղաքացիները: Այս ոլորտի վերաբերյալ հանրության դժգոհություններին դեռևս ամիսներ առաջ անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ բազմաթիվ դիմում-բողոքներ են ստանում, որոնք վերաբերում են սնանկության գործերով կառավարիչների գործունեությանը: Ցավոք, այսօր գործադիր իշխանությունը չունի սնանկության վարույթին իրավաչափ միջամտելու և դրանով իսկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու գործիքակազմ, հետևաբար` այս ոլորտից դժգոհողներ դեռ շատ կլինեն:

Թագուհի Մելքոնյան