Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր առավոտյան փորձել են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկան, սակայն աշխատակիցները և հարակից սեփական տների բնակիչները թույլ չեն տվել:
«Առավոտյան 6–ի կողմերը տրակտորը բերեցին, լարարը քաշեցին, որ երկաթները կտրեն, հելանք՝ չթողեցին»,-Yerkir.am-ին պատմեց տարածքի բնակիչներից մեկը և հավելեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները թույլ չեն տալիս տոնավաճառի աշխատակիցներին բացել իրենց տաղավարները:
Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ տարածքը հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2007-ին։ Քաղաքապետն այս տարվա հունիսին հայտարարել էր, որ ներդրողը սկսելու է շինարարական աշխատանքները, և ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր բանակցություններ սկսել տեղի առևտրականների հետ՝ նրանց այլ վայրեր տեղափոխելու համար։ Հունիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել էր, որ հունիսի 19-20-ը Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին կտեղափոխվեն այլ տոնավաճառներ:
Տոնավաճառի աշխատակիցները, սակայն Yerkir.am-ի հետ զրույցում պատմեցին, որ «Երևան» տոնավաճառ տեղափոխված իրենց գործընկերները դժգոհ են այնտեղի առևտրից և ստիպված վերադարձել են «Ֆիրդուս»:
«Ֆիրդուսից ահագին մարդ գնացել է «Երևան» տոնավաճառ, բայց հետ են եկել, որովհետև այնտեղ առևտուր չկա, բացի այդ ես այստեղ իմ հաճախորդներն ունեմ, մարդիկ տեղի համար էին գալիս Ֆիրդուս, իրենց էստեղ էր հարմար»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տաղավարներից մեկում առևտուր իրականացնող Սիլվա Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ բացի այդ իրենք պայմանագիր ունեն կնքած, համաձայն որի՝ մինչև դեկտեմբեր կարող են առևտուր իրականացնել այդ տարածքում: «Շուկայի վաճառողները պայմանագրեր ունեն: Մինչև դեկտեմբեր պայմանագիր ենք կնքել մեզնից փող հավաքողի հետ, որ պետք ա չփակվի»,-ասաց նա՝ նշելով, որ շուտով ստիպված կլինի փակել իր տաղավարն ու հեռանալ:
Հանրային գերակա շահ ճանաչված տոնավաճառի տարածքի բնակիչներից Անահիտ Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն իսկ իրենց հարևանների դեմ վտարման պահանջով դատական հայցեր են ներկայացրել:
Նրա խոսքով՝ 1 քմ-ի համար իրենց առաջարկում են 400-500 դոլար, մինչդեռ Երևանի 1 քմ-ն մոտ 1000 դոլար է: «Իրենց որոշումները հակասահմանադրական են, որովհետև հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում ոչ մի պետական կարիք չի եղել, այլ դրանով նպաստել են ինչ-որ մեկի բիզնեսին, ինչ-որ մեկին»,-ասաց նա:
Մանրամասները Yerkir.am-ի տեսանյութում: