Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երբ դուդուկը եւ դհոլը հայտնվում են կանացի փխրուն ձեռքերում եւ նվագում ժողովրդական, աշուղական ու անգամ ջազային ստեղծագործություններ՝ միանգամայն նորովի մատուցմամբ, նշանակում է՝ բեմում Աննա եւ Անահիտ Մխիթարյաններն են: Երեկ՝ հուլիսի 17-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ քույրերի առաջին երեւանյան մենահամերգը, որի ընթացքում բեմում նրանց հետ միասին հանդես եկան երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (կոնտրաբաս) եւ Ալեքսանդր Գրիգորյանը (հարվածային գործիքներ):
Համերգին հնչեցին Սայաթ-Նովա, ժողովրդական, աշուղական հայտնի ստեղծագործություներ՝ «Մոկաց Շուկեն», «Մշո Գորանի», «Ալվան վարդեր», «Մշո խըռ», «Ապարանի պար», ինչպես նաեւ Դյուկ Էլինգթոնի հայտնի «Քարավանը»: Մխիթարյան քույրերի առաջին երեւանյան համերգին ներկա էին ինչպես նրանց արվեստի սիրահարները, ընկերներն ու բարեկամները, այնպես էլ՝ մշակութային, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ:
Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը համերգի ավարտից հետո նշեց, որ հիացած եւ տպավորված է աղջիկների ելույթով. «Հետաքրքիր էր թե՛ մատուցման ձեւը, թե՛ այն ստեղծագործությունները, որոնք մշակվել էին: Տպավորիչ էր հայկական ստեղծագործություններն ունկնդրել այս տեսակ գործիքային համադրությամբ եւ նման մշակմամբ: Հիացած եմ, բրավո թե՛ աղջիկներին, թե՛ նրանց միացած երաժիշտներին»:
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանն էլ շնորհակալություն հայտնեց Աննային եւ Անահիտին՝ նման երեկո պարգեւելու համար. «Ամեն մի նորը պետք է ընդունել եւ ողջունել: Այսօր հատկապես կարեւորեցի այն, որ նոր կազմով էին աղջիկները ելույթ ունենում: Իրենց կողքին էին պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնց ես շատ վաղուց եմ ճանաչում: Մտահղացումը շատ փայլուն էր, կարծում եմ՝ այս ծրագիրը մեծ ապագա ունի: Ե՛վ Աննան, եւ՛ Անահիտը շատ պրպտող են եւ միշտ հետաքրքիր մտքեր են արտահայտում բեմում»:
Անահիտի եւ Աննայի համերգին ներկա էր նաեւ Գեւորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն, կոմպոզիտոր Սուսաննա Բարսեղյանը, որը, բացի աղջիկների երաժշտական տաղանդից, ընդգծեց նրանց մանկավարժական կարողությունները. «Այն, որ քույրերը տաղանդավոր են, դա երեւում է արտաքուստ, բայց քչերը գիտեն նրանց կարողությունների մասին՝ որպես մանկավարժներ: Այսօր նրանց համերգին ներկա էին նաեւ նրանց աշակերտները, եւ դա շատ բան է փաստում: Երգող, նվագող ուսուցիչը լավ օրինակ կարող է լինել աշակերտի համար: Շատ ուրախ եմ աղջիկների համար: Շնորհավորում եմ եւ մաղթում նորանոր բեմեր»: Իրենք՝ քույրերը, հուզված էին նախեւառաջ հանդիսատեսի ջերմ ու դրական արձագանքից. «Շատ տպավորված եմ, հուզված, որովհետեւ այսօրվան հեշտությամբ չենք հասել: Գիտակցելով, թե ինչ դժվար ուղի ենք անցել՝ հատիկ հատիկ աստիճաններ բարձրանալով եւ այսօր այս համերգն ունենալով ու լսելով հանդիսատեսի ծափողջույնները, շատ հուզվել ենք:
Ամեն դեպքում, մեր սպասելիքներն արդարացան»,- ասաց Անահիտ Մխիթարյանը՝ նշելով, թե արդեն հայտնի երգերը նորովի մշակելը փոքր-ինչ պարտավորեցնող է. «Փորձեցինք այնպես անել, որ անգամ փոփոխության մեջ լինի մի բան, որը կարող է հասնել մարդու հոգուն, ու նա վերապրի հաճելի զգացողություններ»: Աննա Մխիթարյանն էլ ընդգծեց, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ելույթ ունենալն իրենց համար մեծ պատիվ էր եւ պատասխանատվություն:
Այս համերգին նրանք երկար են սպասել. գաղափարը կար դեռ երկու տարի առաջ, բայց ժամանակ պահանջվեց, որպեսզի հավաքեն իրենց հոգեհարազատ երաժիշտների թիմն ու սկսեն մշակումները: «Մեր մշակումներն ի սկզբանե որոշել էինք այնպես անել, որ հին երգերը յուրահատուկ, գեղեցիկ եւ ժամանակակից շունչ ստանան, բայց, միեւնույն ժամանակ, չկորցնեն իրենց արմատական ամբողջականությունը»,- նշեց նա: Հարվածային գործիքների վարպետ Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով՝ ամեն ժամանակահատված իր մոտեցումները պետք է ունենա ստեղծագործությունների հանդեպ: «Ավանդական երաժշտության համար կան հատուկ խմբեր, որոնք այդ գիծը տանում են, իսկ մեզ նման փոքր խմբերը պետք է փորձարկումներ անեն»,-ասաց նա: Դաշնակահար Արեգ Առուստամյանն էլ է համաձայն, որ փորձարկումները տեղին են ու դեռ շարունակվում են. «Որոշ ժամանակ անց, եթե հանդիպենք ու նույն ծրագիրը ներկայացնենք, դա նույնը չի լինի, ինչ այսօր, դեռ պրոցեսի մեջ ենք»,-նշեց երաժիշտը:
Կոնտրաբաս Գուրգեն Ամիրյանն էլ հավելեց, որ մեծ բավականություն ստացան համերգից. «Ժողովուրդն էլ շատ լավ ընդունեց: Հուսով եմ՝ այդպես կլինի նաեւ ապագայում»:
Աննա եւ Անահիտ Մխիթարյանները հույս ունեն, որ ծրագիրը կշարունակեն ներկայացնել նաեւ արտերկրում: