կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 23:12
Իրավական

Կսահմանվի պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի չափը

Կսահմանվի պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի չափը

 Կառավարության վաղվա նիստի օրակարգում արդարադատության նախարարությունը ներառել է որոշում` պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին:

Սահմանվում է, որ քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը կազմում է 4 900 000  ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սոցիալական պետություն, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-226-Ն օրենքի ընդունմամբ սահմանեց, որ քաղաքացի-պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` նվազագույն գումարից, բռնագանձման ենթակա չէ:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ առաջացել է միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելու անհրաժեշտություն:

Բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի որոշման համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը: Մասնավորապես, նվազագույն գումարը կազմում է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գնի և բնակարանի նվազագույն մակերեսի արտադրյալը:

Բնակարանի նվազագույն մակերեսի հաշվարկման  համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի «ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N93-Ն հրամանը, որի հավելվածի 38-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝

                «Պետական և համայնքային բնակարանային ֆոնդի, սոցիալական բնակարանային ֆոնդի բնակարաններում պետք է բնակարանի մակերեսը կազմի ոչ պակաս,

                ա. ընդհանուր սենյակ մեկ սենյականոց բնակարանում՝ 18 մ2  -ից,

                բ. ընդհանուր սենյակ երկու և ավելի սենյականոց բնակարաններում՝ 16 մ2-ից,

                գ. ննջարան` 8 մ2  -ից (10 մ2  երկու հոգու համար),

                դ. խոհանոց` 8 մ2  -ից,

                ե. խոհանոցային գոտում ճաշասենյակ-խոհանոց` 6 մ2  -ից,

                զ. խոհանոց-խորշ` 5 մ2  -ից:»:

«ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N93-Ն հրամանի հավելվածի 43-րդ կետի համաձայն՝ սենյակային և սենյակների բլոկ տիպի բնակելի տարածություններին կից պետք է հարկերում նախատեսվեն խոհանոցներ մի քանի բլոկների կամ սենյակների համար` 1.0մ2  մեկ մարդու համար հաշվարկով, 12 անձից ոչ ավել: Սենյակային տիպի բնակելի սենքերին կից հարկերում պետք է նախատեսվեն սանհանգույցներ` լոգարան կամ ցնցուղ, լվացարան և զուգարանակոնք՝ 6 մարդու համար ոչ ավելի հաշվարկով:

   Հաշվի առնելով ընդհանուր սենյակի (18մ2), ննջարանի (8մ2), խոհանոցի (8մ2) և սանհանգույցի (6մ2),  մակերեսների գումարները՝ նախատեսվել է բնակարանի նվազագույն մակերեսը, որը կազմում է 40 մ2: Հիմք ընդունելով վերոնշյալ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով սահմանված ստանդարտները՝ որոշվել է այն նվազագույն չափը, որը բավարար կլինի անձի կենսական պայմանների ապահովման համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջում կոմիտեի կողմից հրապարկվող անշարժ գույքի շուկայի գնային և քանակային վերլուծության հիման վրա հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը:

  Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2017 թվականի մայիս ամսվա համար Հայստանաի Հանրապետության բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը կազմում է ≈121 822  ՀՀ դրամ:

Ուստի, բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը հաշվարկվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գնի և բնակարանի նվազագույն մակերեսի արտադրյալով՝ 121 822 × 40 ≈ 4 900 000:

2. Հաշվի առնելով այն հագամանքը, որ բռնագանձման ենթակա բնակարանը պարտապանին կարող է պատկանել բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով, Նախագծով սահմանվել է նաև այդ դեպքերի համար բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը որոշվում է նվազագույն գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:

Նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի սոցիալական տեսանկյունից կարևորվող քաղաքացիների միակ բնակարանը պահպանելու հնարավորությունը և նրանց զերծ կպահի անօթևանության մեջ հայտնվելու սպառնալիքից: