Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց Կարենին պատկանող բնակարանի գնորդը՝ Էդվարդ Հարությունյանը: Նա, ով անշարժ գույքի գործակալության տնօրեն է, փորձագետի բնակարանի փաստացի սեփականատերն է:
Նշենք, որ քննության տվյալներով՝ Կ.Վարդանյանն իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի երեք սենյականոց բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ.Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով, կամ` այդ գնի սահմաններում նոր բնակարան։ Սակայն Զոհրաբյանը գրավադրել է այդ բնակարանը բանկում, այնուհետև այն վաճառել երրորդ անձի՝ Էդվարդ Հարությունյանին:
Հարությունյանն այսօր դատարանին պատմեց, որ բնակարանի վաճառքի մասին իմացել է List.am կայքից, այնուհետև բնակարանը տեսնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Գևորգ Զոհրաբյանի հետ: Նրա խոսքով՝ Գևորգն իրեն ներկայացրել է, որ այդ բնակարանը սեպտեմբերին ստացել է նվիրատվությամբ, և որ պարտքեր ունի, այդ պատճառով էլ վաճառում: Վկան հայտնեց, որ Կարեն Վարդանյանին տեսել է երկու անգամ, սակայն նրա հետ բնակարանի գնի վերաբերյալ խոսակցություններ չի ունեցել: Նա պատմեց, որ Կարենն ինքն է ցույց տվել բնակարանը, պատմել, թե ինչպես է ձևափոխել այն և այլն: Նրա խոսքով՝ Գևորգն իրեն ներկայացրել է, որ Կարենն իրեն հարազատ մարդ է և դրա համար է իր բնակարանում բնակվում, հետո՝ փաստաթղթերն ուսումնասիրելիս է միայն պարզել, որ բնակարանը Զոհրաբյանին նվիրատվություն էր արել Կարեն Վարդանյանը: Վկան հայտնեց, որ բնակարանը վաճառվել է 42000 դոլարի սահմաններում, սակայն ինքը սակարկել է և համաձայնել է այն գնել 37000 դոլարով: Մաս-մաս բանկին և Գևորգին վճարելուց հետո նրան մնացել է պարտք 6700 դոլար:
Դատախազի այն հարցին, թե արդյո՞ք բնակարանի գինը ներկայացվածից ավելի մատչելի չէր, և այդ հանգամանքը կասկածի տեղիք չի՞ տվել, վկան պատասխանեց. «Տարբերությունը շուկայական գնից մի փոքր է տարբեր, պարզապես ես գիտեի, որ բնակարանը գրավադրված է բանկում, դրա համար հանգիստ էի, քանի որ բանկը խնդիրներով բնակարան չէր գրավադնի»: Նա հայտնեց, որ Գևորգը բնակարանն իրեն հանձնելուց առաջ փոխել է բնակարանի փականը և նոր բանալին հանձնել, սակայն այդ հանգամանքը ևս կասկածի տեղիք չի տվել:
Վկան տեղեկացրեց նաև, որ բնակարանն իրենց հանձնելու գործընթացը ձգձգվել է իր` երկրում չգտնվելու և բնակարանում գտնվողների՝ բնակարանն ազատելն ուշացնելու պատճառով:
Նշենք, որ Կարեն Վարդանյանի սպանությունը կատարվել է հենց այդ ժամանակահատվածում: