կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-12 14:13
Քաղաքական

Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել. Շարմազանով

Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` Ադրբեջանն իր բնույթով ահաբեկչական պետություն է: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Շարմազանովը նշեց, որ այդ մասին են վկայում անցած տարվա ապրիլյան և այսօր արդեն հուլիսյան դեպքերը:

Ադրբեջանի համար բնակչության թիկունքում թաքնվելը և մանկահասակ երեխայի նկարներով, տեսանյութերով էժան հեղինակություն վաստակելը, ըստ Շարմազանովի, բումերանգի էֆեկտ ունեցավ: Ավելին` գլոբալ առումով, Շարմազանովի հավաստմամբ, որևէ լուրջ միջազգային կազմակերպություն Ադրբեջանի տված «կուտը» չընդունեց:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին նոր զինամթերք վաճառելուն, ապա Շարմազանովը նշեց, որ զենքի վաճառքի վերաբերյալ բազմիցս խոսվել է, և  ինքն էլ կարծիք է հայտնել, որը չի փոխվել: «Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է զենք վաճառել, ինչո՞ւ, որովհետև զենք վաճառում են այն երկրներին, որոնք օգտագործելու են դա ինքնապաշտպանական նպատակներով: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում դրանում բոլորը կհամոզվեն, բայց սա չպետք է խոչընդոտի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Ռուսաստանի հետ ունենք իրավապայմանագրային շատ հարուստ բազա, պաշտպանության ոլորտում շատ լուրջ համագործակցություն ենք ապահովել, ապահովում ու դեռ ապահովելու ենք»,- ասաց նա, ապա հավելեց, որ  մեկ անգամ չէ` մեր դժգոհությունը հայտնում ենք, բայց, այնուամենայնիվ, հայ-ռուսական հարաբերությունները չպետք է պայմանավորենք ռուս-ադրբեջանական հարաբերություններով:

Շարմազանովն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս պահին թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանն իրականացնում են դաշնակցային գործընկերոջ պայմանագրի բոլոր դրույթները: