կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-06 13:27
Քաղաքական

Առաջին անգամը չէ՝ Ադրբեջանի զինված ուժերը թաքնվում են խաղաղ բնակչության թիկունքում. Կորյուն Նահապետյան

Առաջին անգամը չէ՝ Ադրբեջանի զինված ուժերը թաքնվում են խաղաղ բնակչության թիկունքում. Կորյուն Նահապետյան

Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը լրագրողներին ասաց, որ Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ որևէ կերպ պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից հաճախ ձեռնարկվել են ռազմական գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանը որևէ կերպ պատրաստ չէ խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս իրավիճակում, բնականաբար, մեր գործողությունները պետք է լինեն շատ հստակ: Եվ դուք, եթե հետևեում եք վերջին օրերի իրադարձություններին, կարող եք համոզված լինել, որ Արցախի Պաշտպանության բանակի պատասխան գործողությունները համապատասխանել են իրավիճակին»,- նշեց նա:

Նահապետյանի խոսքով` առաջին անգամը չէ, որ արձանագրում են, որ Ադրբեջանի զինված ուժերը թաքնվում են խաղաղ բնակչության թիկունքում, ինչը ցույց է տալիս, որ նրանց որևէ կերպ չի մտահոգում իրենց բնակչության անվտանգությունը:

«Կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք համակարգված գործել միջազգային տարբեր հարթակներում: Կարծում եմ, որ առաջիկա մի քանի օրերին մենք թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական խողովակներով կիրականացնենք հստակ, նպատակադրված գործողություններ»,- շեշտեց Նահապետյանը:

Նա հայտնեց, որ օրերս Կիևում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում Ադրբեջանի պատվիրակը փորձել է խեղաթյուրել իրականությունը՝ ասելով, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի մեղավորը հայկական կողմն է: «Իհարկե, նա համարժեք պատասխան ստացավ, սակայն սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրականացնում է հեռուն գնացող քաղաքականություն, որի հիմնական նպատակը նոր լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելն է: Մենք պետք է շատ զգոն լինենք, պատրաստ: Եվ այդ մասով թե' քաղաքական, թե' ռազմական և թե' դիվանագիտական մեր բոլոր կարողությունները պետք է համախմբված օգտագործենք»,- եզրափակեց Նահապետյանը: