Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած քաղաքացիական ժողովի ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա խոսեց երեկ ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրի քվեարկության մասին:
Հավաքվածներից մեկը բացականչեց. «Դա դավաճանություն էր»: Արմեն Մարտիրոսյանը հակադարձեց. «Որևէ դավաճանության մասին խոսք լինել չի կարող, բոլորը մեր հայրենակիցներն են: Դավաճանությունն այն է, որ մենք թույլ տվեցինք, որ այս իշխանությունները մնան, դավաճանությունն այն էր, երբ թույլ տվեցինք իշխանություններին 3 ու կես տարի եվրոպացիների հետ տունտունիկ խաղալ, որ նրանք ճանաչեն կեղծված ընտրությունները: Դավաճանությունն այն էր, որ թույլ տվեցինք Ռուսաստանին այսօր ոչ լեգիտիմ իշխանությունների առջև մեզ դնի: Եթե դավաճան ենք, ուրեմն բոլորս ենք դավաճան»:
Շարունակելով խոսքը` նա նշեց, որ հայ ժողովուրդը չկարողացավ պաշտպանել հայրենիքի ինքնիշխանությունը և իր ազատությունը, որովհետև ազատ մարդը ցանկացած կարգավիճակով կարող է լինել, իսկ անազատ պետությունը վերցնում է այն կարգավիճակը, որը նրան տալիս են: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ինքը համոզված կողմնակիցն է միասնական պայքարի: Նրա խոսքով` Հայաստանի քաղաքական ուժերը` լինեն արևմտամետ, թե` ռուսամետ, շարժվեցին` իրենց նեղ քաղաքական շահերից դրդված, ահա, թե ինչու Հայաստանն այսօր այս վիճակում է:
Երեկ էլ, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ԱԺ-ում եղավ կոնյունկտուրային քվեարկություն: «Իշխանությունները կեղծում են` ասելով, որ դա ընդամենը տնտեսական համաձայնագիր է, և որ դա անվտանգության հետ կապ չունի: Եթե դա զուտ տնտեսական համաձայնագիր էր, ուրեմն Հայաստանը դրան միանալու շարժառիթ չուներ, քանի որ դա ավելի խոցելի է դարձնելու: Եթե անվտանգության հետ կապ ուներ, ապա Հայաստանը Ռուսաստանի հետ 49 տարով կնքել է երկկողմանի համաձայնագիր, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է` լավ, թե վատ: Ուստի իշխանությունների քայլն անընդունելի էր: Մնում եմ լիահույս, որ Հայաստանում կստեղծվի միասնական հարթակ, կիրականացվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, կստեղծվի լեգիտիմ իշխանություն: Ու Հայաստանում չի լինի մի իրավիճակ, երբ ընդդիմադիրը ընդդիմադիրի դեմ է պայքարում, իշխանությունը թաքնվում է ընդդիմադիրի թիկունքում և հնարավություն ստանում, վերադասավորվելով, ուժեղանալ ու շարունակել արատավոր քաղաքականությունը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: