| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի (ծնված 1961թ.) և նույն հիմնարկի դատապարտյալի (ծնված՝1984թ.) կողմից 2016թ. կատարվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ: Մասնավորապես՝ ծանոթանալով իրենց հետ նույն խցում գտնվող՝ 1962թ. ծնված մեկ այլ կալանավորի հետ և տեղեկանալով նրան առաջադրված մեղադրանքի հանգամանքներին, առաջարկել են կեղծել նշանակված փորձաքննությունների եզրակացությունները և նրան անմեղսունակ ճանաչել իրենց կողմից հորինված ծանոթի միջոցով: Այդ ամենը կազմակերպելու համար կալանավորից պահանջել են առանձնապես խոշոր չափերով գումար՝ 4 մլն դրամ, որի մի մասն ստացել են: Սակայն կալանավորը, իր նկատմամբ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ծանոթանալով  նշանակված փորձաքննության եզրակացությանը, տեղեկացել է, որ ճանաչվել է մեղսունակ, գիտակցել  խարդախությամբ իրենից գումար հափշտակելու հանգամանքը և պայմանավորված գումարն ամբողջությամբ չի տվել, ինչի պատճառով հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1962թ. ծնված կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Իսկ մյուս կալանավորին և դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: