կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 20:29
Իրավական

Վարկ է վերցրել, տուն է կառուցում

Վարկ է վերցրել, տուն է կառուցում

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից առանձնատուն կառուցելու վերաբերյալ հրապարակումների, «Հրապարակ» թերթին հղումով, զանգվածային լրատվության մի շարք միջոցներ այսօր անդրադարձել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Աջափնյակում առանձնատուն կառուցելու իրողությանը:

Չնայած ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը դա հաստատել էր, սակայն հաշվի առնելով հրապարակումներում հանրային թյուր կարծիք ձևավորող որոշ գնահատողական որակումների առկայությունը՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած 2016թ. հայտարարագրում շատ թափանցիկ ներկայացված են նրա գույքային և դրամական միջոցներն ու դրանց շարժը:

Եթե համապատասխան ԶԼՄ-ները փորձեին անգամ մակերեսային վերլուծության ենթարկել այդ փաստաթուղթը, կնկատեին, որ նրա խնայողությունները զգալիորեն նվազել են:

Բացի այդ, պարոն Դավթյանը նախորդ տարի վաճառել է իր ընտանիքին պատկանող՝ բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը և, իր հայրիկի հետ միասին վերցնելով 25մլն դրամի չափով վարկ, համասեփականությամբ կառուցել նշյալ առանձնատունը՝ այդ նպատակին հատկացնելով նաև իր հարազատ գյուղում ծավալած գյուղատնտեսական գործունեության արդյունքում արտադրված գյուղմթերքի իրացումից ստացված 3մլն 800 հազար դրամ եկամուտը:

Ուշագրավ է, որ չնայած հրապարակումը Արթուր Դավթյանի հայտարարագրից որոշ տեղեկություններ պարունակում է, սակայն, թերևս միտումնավոր, անտեսվել է հաշվետու տարվա ընթացքում խնայողությունների զգալի նվազման արձանագրված փաստը: Այս իմաստով գործընկեր ԶԼՄ-ներին հորդորում ենք չանտեսել անաչառության կարևոր սկզբունքը:

Ի դեպ, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում (17-րդ թաղամաս) կառուցվող և դեռևս անավարտ առանձնատան «շքեղ» կամ համեստ լինելու գնահատումն ու չափանիշի որոշումը թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը: Ինչ վերաբերում է ենթատեքստ պարունակող այն դիտարկմանը, թե ՀՀ գլխավոր դատախազն առանձնատունը կառուցել է պաշտոնավարման «մեկ տարին դեռ չբոլորած», ապա հայտնենք, որ առանձնատան շինարարության, նախագծման աշխատանքներն սկսվել են դեռևս 2014թ.-ից»: