Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմակերպած «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով միջոցառմանը այսօր ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, տեղական ինքնակառավարման ոլորտում կառավարության հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների, կառավարության և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքապետեր: Միջոցառմանը տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից մշակված «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդեսը:
Շնորհակալություն հայտնելով վարչապետ Կարեն Կարապետյանին մասնակցության համար, նախարար Դավիթ Լոքյանը նկատել է, որ կառավարության ղեկավարն իր մասնակցությամբ շատ ավելի արժևորել է խնդրի կարևորությունը: «Սիրելի բարեկամներ, շուրջ վեց ամիս է, ինչ կառավարությունն իր ուշադրության կիզակետում է պահում համայնքների տնտեսական զարգացման խնդիրները: Մենք արդեն կառավարությունում` վարչապետի ղեկավարած հարթակում, ունեցել ենք շուրջ հարյուր և ավելի հանդիպումներ համայնքապետերի հետ և արդյունքում ձևակերպել ենք խնդիր, որ առանց համայնքային տնտեսական զարգացման, առանց համայնքներում տնտեսական գործունեության ակտիվության մենք երկրում համաչափություն չենք ապահովելու: Մենք համոզվեցինք մեկ ընդհանուր սկզբունքում, որ անհրաժեշտություն կա համայնքներում համայնքային տեղական տնտեսական ծրագրեր իրականացնելու ընդհանուր մեթոդիկա և ուսուցման խնդիր լուծել»,-ասել է Դ. Լոքյանը, հավելելով, որ այսօր արդեն Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության օժանդակությամբ հնարավոր է դարձել սկիզբ դնել այդ գործընթացին:
«Սա մեր կառավարության, վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնական առանցքային հանձնարարականներից է եղել, որ մենք պետք է իրականացնենք: Բոլորիդ հայտնի է նաև ՀՀ Նախագահի երեկ ունեցած ելույթում համայնքների խոշորացման և համայնքերում տնտեսական զարգացման ուղեգծի հստակեցման կարևոր խնդիրը: Այս տեսակետից ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր մասնակից օժանդակող բոլոր միջազգային և տեղական կազմակերպություններին, որոնք այս գործընթացում լուրջ օժանդակություն են ցուցաբերում մեր համայնքներին»,-ասել է Դավիթ Լոքյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է նման միջոցառման անցկացումը՝ նշելով, որ այն համահունչ է տարածքային կառավարման ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը: «Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է նոր շունչ, նոր որակ հաղորդենք կառավարություն-մարզպետարան-համայնքներ եռաստիճան կառավարմանը: Կառավարչական մակարդակում այսօրվա հրամայականն այն է, որ ղեկավարները լինեն ժամանակակից, կանոնավոր աշխատեն իրենց վրա: Բազմիցս ասել ենք, որ տարածքային համաչափ զարգացումը մեր հանրապետությունում չափազանց կարևոր խնդիր է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին, առաջին հերթին, իր հարցերը փորձում է լուծել համայնքում: Ինչպիսի՞ն են համայնքում տրանսպորտի վիճակը, բիզնես միջավայրը, սանիտարական մաքրումը, արդարության ընկալումը, աշխատատեղերի ստեղծումը. հենց սրանով է քաղաքացին գնահատում իշխանության գործունեությունը և իր լավ ու վատ լինելը», - ասել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ վերջերս Ամերիկյան համալսարանում կազմակերպվել են համապատասխան դասընթացներ ՀՀ մարզպետերի համար, ինչը վկայում է այն մասին, որ համայնքային կառավարիչների հմտությունների զարգացման գործընթացը պետք է լինի շարունակական:
«Այդ առումով մենք որոշակի քայլեր ենք անում. անցած տարվա վերջ ձևակերպել էինք, թե համայնքները զարգացման ինչպիսի ծրագրեր պետք է ներկայացնեն: Բոլոր համայնքներից ստացել ենք: Բացի դրանից, համայնքները ներկայացրել են բիզնես ծրագրեր, որոնք կարող են բիզնես միջավայրը փոխել և նպաստել աշխատատեղերի ստեղծմանը: Որոշ ծրագրերի արդեն սկսել ենք օժանդակել: Այդ ծրագրերի որակը, ցավոք, հեռու է ժամանակակից պահանջներից: Բայց մենք երբեք չպետք է հոգնենք ու պետք է վստահորեն գնանք այս ուղղությամբ՝ համոզված լինելով, որ վերջում հասնելու ենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզանից ակնկալում է, և որն ուղղակի անհրաժեշտ է», - ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերությանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, Շվեյցարիայի զարգացման գործակալությանը և մյուս գործընկերներին այս գործընթացում աջակցության և համագործակցության համար: Վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթել միջոցառման մասնակիցներին՝ վստահություն հայտնելով, որ այս քննարկումներն ու մտքերի փոխանակությունը նոր շունչ և մոտեցումներ կբերեն կառավարման ոլորտում:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գրասենյակի ղեկավար Աննա Քեմփան իր հերթին տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի է՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն (ԳՄՀԸ) իրականացնում է «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունների կողմից:
«Ծրագրի նպատակն է աջակցել կառավարությանը՝ բարելավելու տրամադրվող ծառայությունների որակը համայնքային մակարդակում և զարգացնել ենթակառուցվածքները: Այս համաժողովի նպատակն է ստեղծել միասնական հարթակ՝ քննարկելու նմանատիպ խնդիրները: Համոզված եմ, որ այս համաժողովը ելակետ կհանդիսանա պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության ստեղծման համար՝ ստեղծելու համայնքների տնտեսական զարգացման արդյունավետ մոդելներ»,-ասել է ԳՄՀԸ գրասենյակի ղեկավար Աննա Քեմփանը:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերն իր խոսքում նշել է. « ՏԻՄ-երը և տնտեսական զարգացումը փոխկապակցված են: Մենք պետք է միավորվենք այս ընդհանուր նպատակի շուրջ և դրանով ամրապնդենք ժողովրդի վստահությունը»:
Սույն կոնֆերանսի անցկացմանն աջակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
Գերմանիայի միջազգային համագործակցության կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում», ինչպես նաև «ՓՄՁ զարգացում Հայաստանում» ծրագրերը նույնպես իրենց մասնակցությունն են բերել միջոցառման իրականացմանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն