կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-28 20:46
Հասարակություն

Չկալովկայում ու Նորաշենում խնդիրները կգտնվեն ուշադրության կենտրոնում. Գեղարքունիքի մարզպետ

Չկալովկայում ու Նորաշենում խնդիրները կգտնվեն ուշադրության կենտրոնում. Գեղարքունիքի մարզպետ

 Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային հերթական այցը կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ: Այցի ընթացքում նրան ուղեկցեցին Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանը, Նորաշեն համայնքի ղեկավար Գառնիկ Գասպարյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: Չկալովկա համայնքում մարզպետն այցելեց մանկապարտեզ, դպրոց եւ համայնքապետարան, որտեղ հանդիպեց կրթական հաստատությունների տնօրենների, մանկավարժների, համայնքապետարանի աշխատակիցների, ինչպես նաեւ գյուղի բնակիչների հետ: Դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների ներկայացման համաձայն՝ օրախնդիր հարց է դարձել սանհանգույցների կառուցումը, ինչպես նաեւ՝ երթեւեկող ուսուցիչների եւ աշակերտների համար երթեւեկության պատշաճ կազմակերպումը: Մարզպետը խոստացավ գտնել համապատասխան հնարավորություններ ու լուծումներ՝ տեղում հանձնարարականներ տալով մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը:

Համայնքի ղեկավարի եւ բնակիչների ներկայացման համաձայն՝ Չկալովկայում առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է համարվում Սեւան-Վարդենիս մայրուղուց մինչեւ գյուղամեջ տանող ճանապարհի հիմնանորոգումը:

«Գյուղ մտնող ճանապարհն անբարեկարգ է, գնալով ավելի է դժվարանում հետագա շահագործումը, ուստի, խիստ անհրաժեշտ է մոտ կես կիլոմետր երկարության հասնող այդ ճանապարհի հիմնանորոգումը, ինչը մեզ համար ունի կենսական նշանակություն»,- ներկայացրին Չկալովկայի գյուղապետն ու բնակիչները: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հիմնախնդիրն արդեն ներկայացված է կառավարության ուշադրությանը եւ, ամենայն հավանականությամբ, իր լուծումը կստանա եկող տարվա ընթացքում:

Նորաշենում մարզպետն այցելեց դպրոց, համայնքապետարան եւ բուժկետ, որտեղ համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրենի եւ բնակիչների հետ քննարկեց հրատապ լուծում պահանջող հարցեր: Համայնքի ղեկավարի եւ դպրոցի տնօրենի ներկայացման համաձայն՝ գյուղի համար հրատապ լուծում պահանջող խնդիր է դպրոցական շենքի նորոգումը եւ արոտների ջրարբիացումը: «Դպրոցի շենքը չի նորոգվել իր շահագործման պահից՝ 1978 թվականից ի վեր: Նորագման խիստ կարիք ունեն կտուրը, պատուհաններն ու մուտքերի դռները: Համայնքի համար անչափ կարեւոր է արոտների ջրարբիացման խնդիրը, քանի որ մեր բնակիչների հիմնական զբաղմունքը եւ եկամտի աղբյուրն անասնապահությունն է, ինչը չի կարող զարգանալ առանց ջրարբիացված արոտների»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Դիտարկելով դպրոցի շենքային պայմանները եւ հաստատության կողմից տնտեսված դրամական միջոցների չափը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանձնարարեց սեղմ ժամկետներում կազմակերպել մասնակի նորոգման աշխատանքներ: Անդրադառնալով արոտների ջրարբիացման խնդրին՝ մարզպետը հայտնեց, որ խնդրի շուրջ կարվի լրացուցիչ քննարկում, եւ միջոցների ու հնարավորությունների գտնվելուն պես կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր:

«Համայնքային այցերի արդյունքում մենք մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում արդեն կունենանք մարզի բոլոր բնակավայրերի ինտերակտիվ քարտեզը, որտեղ արձանագրված կլինեն բոլոր հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները, գրավչությունները, զարգացման հեռանկարները եւ գերակա ուղղությունները: Այս այցերի հիմնական նպատակն այն է, որ ամեն հիմնախնդիր կարողանանք հասկանալ ու գնահատել տեղում եւ հստակեցնել սպասվող ներդրումների ճշգրիտ հասցեականությունը: Չկալովկայում ու Նորաշենում բարձրացված բոլոր հիմնախնդիրները կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում ու մոտ ապագայում քայլ առ քայլ կստանան իրենց հիմնարար կամ մասնակի լուծումները»,- հավաստեց Գեղարքունիքի մարզպետը: