Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում լրագրողները ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է հասցրել կուտակել իր ահռելի կարողությունը: «Մի' մոռացեք, որ ես մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը աշխատել եմ բիզնեսում: Եթե հաջողակ բիզնեսմենը պետք է չունենա որոշակի կարողություն՝ ինձ համար ընդունելի չէ»,- հայտարարեց նա:
Հարցին՝ իր բիզնեսը հանձնել է կառավարմա՞ն, պատասխանեց. «Ոչ չեմ հանձնել կառավարման, իմ ընտանիքի անդամներինն է»:
Հարությունյանի խոսքով` ինքը չի հովանավորում իր ընտանիքի անդամներին, և որ շահերի բախում էլ տեղի չի ունենում:
Լրագրողի դիտարկմանը՝ պաշտոնատար անձինք համատարած հարուստ են, դա կասկած չի հարուցում ՊԵԿ նախագահի մոտ, նա պատասխանեց, թե այդպիսի ինֆորմացիայի չի տիրապետում և ուրիշի կարողությունն էլ չի հաշվում:
Հարությունյանը նաև հերքեց այն լուրերը, թե տնտեսվարողը կարող է, օրինակ, սև խավիար ներկրել և ներկայացնել որպես զուգարանի թուղթ: Նա հավաստիացրեց, որ նման արատավոր երևույթ չկա: ՊԵԿ նախագահի պնդմամբ` ներկայումս բոլորը ազատ կարող են ներկրել այն, ինչ ցանկանում են: «100 տոկոսով այդպես է: Բերեք փաստ, որ որևէ մեկը ցանկանում է ինչ-որ բան ներկրել, բայց մաքսային, հարկային մարմինները խոչընդոտում են, տվեք այդ ինֆորմացիան»,- վստահ ասաց նա:
Դիտարկմանը` այնքան բաց են, որ ադրբեջանական խնձորներ են հայտնվում այստեղ, ՊԵԿ նախագահն արձագանքեց` երբ ադրբեջանական խնձորներ հայտնվեցին, մարդ ձերբակալվեց, իսկ ադրբեջանական աղն իրենք հայտնաբերեցին:
Լրագրողները հետաքրքրվեցինք, թե այժմ քանի՞ հոգի է շաքարավազ ու բանան ներկրում: «Չեմ կարող թվեր ասել, բանանը էդքան կարևոր չի ինձ համար: 20-ից ավելի ընկերություններ շաքարավազ են ներկրում, ուղղակի ձեզ մոտ է կարծրատիպ, որ շաքարավազը պետք է ներմուծի մի մարդ, բանանը՝ մեկ մարդ»,- ասաց Հարությունյանը:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ գնանկում չկա, արձագանքեց. «Որովհետև հարկերն ավելացել են: Բնական է` որոշ ընկերություններ ստվերում չեն գործում հիմա, դա գնի վրա պետք է ազդեցություն ունենա»:
Մինչ դիտարկմանը պատասխանելը, թե հավաքել է օլիգարխներին ու ասել, որ այսուհետ ով ինչ ուզի կներկրի, և որ նրանք այլևս արտոնյալներ չեն, Հարությունյանը նախ ճշտեց, թե արտոնյալներն ովքեր են, երբ լրագրողները տվեցին Սամվել Ալեքսանյանի և Միհրան Պողոսյանի անունները, նա արձագանքեց. «Նրանք այսօր պատգամավորներ են և գործարարությամբ զբաղվելու իրավունք չունեն»: