կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-27 11:56
Քաղաքական

Աշխատանքից չեն ազատվել, կրճատվել են. ՊԵԿ նախագահ

Աշխատանքից չեն ազատվել, կրճատվել են. ՊԵԿ նախագահ

Ձևավորվել է նոր կառուցվածք, և դրա արդյունքում շուրջ 483 հաստիք կրճատվել է. Ազգային ժողովում լրագրողներին ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ում ընթացող կրճատումներին: Նա նշեց, որ այդ աշխատակիցները ոչ թե հեռացվել են աշխատանքից, այլ` կրճատվել:

«Տարիների ընթացքում ՊԵԿ-ը վերազինվել է, վերազինվել է ՊԵԿ-ի IT համակարգը, և դա ուշ, թե շուտ պետք է բերեր նման հանգուցալուծման: Այսօրվա` նոր տեխնոլոգիաների շրջանում բնական է, որ մարդկային գործոնի առկայությունն ավելի քչանում է: Դրա արդյունքում ունեցել ենք այն, ինչ այսօր ունենք՝ կրճատումներ»,- ասաց նա:

Անդրադառնալով ՊԵԿ աշխատակիցների ձերբակալումներին` Հարությունյանը նշեց. «Նորմալ երևույթ է, եթե ինչ-որ մեկն իր աշխատանքի ընթացքում խախտում է լիազորությունները և լիազորություններից դուրս ինչ-որ գործառույթ է իրականացնում, բնական է, որ պետք է ՀՀ գործող օրենքների շրջանակներում պատասխան տա»:

Հարցին` կրճատվե՞լ են կաշառակերներ, թե՞ նրանք, ովքեր թև-թիկունք և բարեկամ չունեն, նա արձագանքեց. «Կրճատումների արդյունքում ես չեմ բացառում, որ կարող է լինեն նաև սուբյեկտիվ դրսևորումներ, որովհետև մեկ ամսվա մեջ այս ամբողջ աշխատանքներն իրականացնելը, ավարտին հասցնելը դժվար է եղել: Կարող է և թերություններ ու վրիպումներ էլ լինեն: ՊԵԿ-ում ամեն ամիս փոփոխություններ են լինում, և այն աշխատակիցները, ովքեր բարեխիղճ աշխատել են և դուրս են մնացել համակարգից, մեր տեսադաշտից դուրս չեն մնա»: