կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 17:26
Իրավական

Տիգրան Ուրիխանյանը դատարանում ցուցմունք է տալիս

Տիգրան Ուրիխանյանը դատարանում ցուցմունք  է  տալիս

Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստը: Նշենք, որ Անի Հովհաննիսյանը մեկ տարուց ավելի է` գտնվում է կալանքի տակ:

Այսօր բազմաթիվ ծանուցումներից հետո դատարան է ներկայացել այս գործով տուժող` ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նախապես դատարանին գրություն էր ուղարկել իր մասնակցությամբ նիստին լրագրողների և կողմնակի անձանց ներկայությունը բացառելու, տեսանկարահանում, լուսանկարահանում և ձայնագրառում չիրականացնելու պահանջով: Դատարանի որոշմամբ բավարարվեց միայն տեսանկարահանում և լուսանկարահանում չիրականացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Այս պահին պատգամավորը պատասխանում է կողմերի հարցերին: Նա հայտնեց, որ չի ցանկանում ոչ մի պատիժ պահանջել: «Լցված եմ ներողամտությամբ, չեմ ուզում, որ պատիժ կրի, մեկ տարի կալանավորելը համարում եմ բավարար»,- ասաց Ուրիխանյանը:

Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Անի Հովհաննիսյանը, հանդիսանալով Analitik.am լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ, Analitik.am լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, ով հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով, և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 15.03.2016թ. պահանջել է խոշոր չափի` 1.000.000 ՀՀ դրամ գումար: