կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-16 15:22
Տնտեսական

Հարկերի հավաքագրման աճ ունենք. Վարդան Արամյան

Հարկերի հավաքագրման աճ ունենք. Վարդան Արամյան

Առաջին եռամսյակում մեր ՀՆԱ-ի աճը կազմել է 6,5 տոկոս, որը բավական լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ տարվա համար թիրախավորվել էր 3,2 տոկոս. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հստակեցնելով, որ համախառն ներքին արդյունքի աճին նպաստել են արդյունաբերությունը, ծառայությունները և առևտուրը:  «Հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 5,7 տոկոս: Տնտեսական աճի ցուցանիշի էական նվազում առաջիկա ամիսներին չենք ակնկալում: 5,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում են ապահովել արդյունաբերությունը և ծառայությունները, ծառայությունների մասով նպաստումը 4,5 տոկոս է, իսկ մնացած մասն արդյունաբերության աճի հաշվին է եղել»,- ասաց Արամյանը:

Ըստ նրա՝ հինգ ամիսների ընթացքում գյուղատնտեսության և շինարարության մասով հետընթաց է գրանցվել, ներմուծման նկատմամբ առաջընթաց է գրանցել արտահանումը: «Արտահանման ցուցանիշը կազմում է 16 տոկոս, իսկ ներմուծման ցուցանիշը՝ մոտ 14 տոկոս»,- ասաց Արամյանը:

Խոսելով հարկերի հավաքագրման մասին՝ նա նշեց, որ առաջին եռամսյակում հավաքագրումը պլանավորածից ավելի արդյունավետ է եղել: «Ապրիլ-մայիս ամիսներին այն վարքագիծը, որ ունեցել ենք հարկերի հավաքագրման մասով, թույլ է տալիս ասել, որ շարժվում ենք ճշգրտված ցուցանիշով: 107.5  միլիարդ դրամի չափով հարկերի հավաքագրում ենք ունեցել: Նախորդ տարի ապրիլ ամսին հարկերի հավաքագրումը եղել է շուրջ 97 միլիարդ: Երկու ամսվա կտրվածքով ունենք 10 միլիարդ դրամի հարկերի հավաքագրման աճ»,- ասաց Արամյանը: