կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 14:05
Տնտեսական

Առնվազն 3,2 տոկոս տնտեսական աճն ապահովելու ենք. Վարդան Արամյան

Առնվազն 3,2 տոկոս տնտեսական աճն ապահովելու ենք. Վարդան Արամյան

Այսօր` կառավարության նիստից հետո, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողներին վստահեցրեց, որ ՀՀԿ-ի քարոզչությամբ չի զբաղվելու: «Քարոզչությամբ չեմ զբաղվելու, ես անելու եմ իմ աշխատանքը, որովհետև ես 150 հոգանոց ցուցակի մեջ չկամ: Ինձ տրված է այլ դերակատարություն»,- ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ է ներկայացնել նախընտրական խոստումներ, որոնք ժամանակին տվել է ՀՀԿ-ն, նախարարը պատասխանեց. «Բնակարան երիտասարդներին» ծրագիրը, տնտեսական կառուցվածքի փոփոխությունն ու կենսաթոշակային բարեփոխումները»:

Ինչ վերաբերում է տնտեսական խոստումներին, Արամյանը նշեց. «2002 թվականից մինչև 2008 թվականը տնտեսական վերելքի պարբերաշրջան էր ամբողջ աշխարհում, իսկ 2008 թվականից աշխարհում անկման պարբերաշրջան է: Ամբողջ աշխարհում տնտեսական ցիկլերը տևում են մինիմում 6, առավելագույնը` 11 տարի: Դրա համար մենք պետք է հաշվի նստենք դրա հետ: Մեզ պետք է ավելի բարձր տնտեսական աճ, քան 3,2 տոկոսն է»:

Անդրադառնալով Վիճակագրական ծառայության կողմից տարվա առաջին ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշների հրապարակմանը` նախարարն  ասաց, թե դրանք դրական ընթացք են խոստանում: «Կարծում եմ, որ առնվազն 3,2 տոկոս տնտեսական աճն ապահովելու ենք: Առաջին ամսում մենք ունեցել ենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ես կարծում եմ, որ դա հաղթահարել է 3,2 տոկոսը: Եթե արտաքին աշխատանքից ցնցումներ չլինեն, մենք մի փոքր բարձ ցուցանիշ կունենանք»,- ասաց ֆինանսների նախարարը և հավելեց, որ հաջորդ տարի կարող ենք հավակնել 4-5 տոկոս տնտեսական աճի: