կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-21 12:32
Քաղաքական

Մենք ապրում ենք գլոբուսի վրա, և կան անկանխատեսելի տենդենցներ. Վարդան Արամյան

Մենք ապրում ենք գլոբուսի վրա, և կան անկանխատեսելի տենդենցներ. Վարդան Արամյան

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ չհամաձայնեց պնդումներին, թե կառավարության ծրագիրը լուրջ վերլուծությունների վրա հիմնված չէ:

«Այդպես չէ, մենք կատարել ենք վերլուծություն, հաշվի են առնվել համաշխարհային տենդենցները, մեր ներքին տնտեսական պոտենցիալը, բազմաթիվ մակրոտնտեսական ցուցանիշներ՝ ներդրումների, ծառայությունների և ապրանքների արտահանման ցուցանիշները, և մենք գնահատել ենք՝ մեր գործողությունների արդյունքում ինչ կարող ենք ունենալ մեր ծրագիրը իրականացնելու դեպքում»,- շեշտեց նախարարը:

Արամյանի խոսքով` եթե իրենց առջև դրել են խնդիր` միջինը 5%-ով տնտեսական աճ ապահովել, ապա դա նշանակում է, որ ջանք պետք է գործադրեն, իսկ ջանքերի մասին, ըստ նրա, մանրամասն գրված է կառավարության առաջարկած ծրագրում: Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք 5%-ն էլ ցածր չէ իրական տնտեսական աճ ապահովելու համար, նախարարը պատասխանեց` ոչ:

«Պետք է շատ ճիշտ գնահատենք ստարտային իրավիճակները` որտեղ ենք գտնվում և ուր ենք գնում: 5 տարվա ընթացքում մենք ուղղակի ֆիքսելու ենք 5% աճ: Մեկ տարի կարող է 4,7 լինել, մյուս տարի կձգտենք ավելի բարձր ցուցանիշի, որպեսզի միջինում ապահովենք 5 տոկոս ցուցանիշը: Մենք պետք է նաև 5 տոկոս աճի վրա մյուս տարի ևս 5 տոկոս աճ ունենանք, և այդպես շարունակ, իսկ դա արդեն լուրջ տնտեսական ցուցանիշ կլինի»,- ասաց Արամյանը:

Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում դրված է այն մոտեցումը, որ ջանքեր են գործադրելու, որպեսզի համաշխարհային տնտեսությունից կամ մեզ հետ առևտուր անող երկրներից շատ ավելի առաջընթաց ունենանք:

Դիտարկմանը՝ Տիգրան Սարգսյանն էլ 7 տոկոս էր խոստանում, բայց 3 տոկոս ապահովեց, Արամյանն արձագանքեց. «Ուզում եմ շեշտել՝ մենք ապրում ենք գլոբուսի վրա, և կան անկանխատեսելի տենդենցներ, որոնք մեզ վրա էլ են ազդում: 2013 թվականին որևիցե մեկը չէր կարող կանխատեսել, որ ՌԴ-ն ԵՄ և ԱՄՆ բլոկի հետ քաղաքական հիմքով կունենա կոնֆլիկտ, որը կվերածվի տնտեսական պատերազմի: Սա որևէ մեկը չէր կարող հաշվի առնել: Բայց մենք բոլոր ռիսկերը հաշվի առել ենք և միջինացված հինգ տոկոսը կպահպանենք»: