Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետին նշանակում է քաղաքապետը, դա նրա պարտականությունների շրջանակից է. այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` անդրադառնալով օրերս վերահիշյալ պաշտոնում նոր նշանակմանը:
Հարցին, թե քաղաքապետարանի հանրակրթության վարչության նորանշանակ պետը` Աննա Ստեփանյանը, ընտրություններին աչքի էր ընկել նրանով, որ կեղծ անցագրով ընտրատեղամասում որպես դիտորդ է հանդես եկել, որքանո՞վ է ճիշտ, որ նա այդ պաշտոնը ստանձնի, նախարարը պատասխանեց, որ քաղաքապետն իրեն հավաստիացրել է` Ստեփանյանը մեր լավագույն տնօրեններից մեկն է: «Մամուլից եմ տեղեկացվել ընտրությունների ու Ստեփանյանի հետ կապված այդ իրադարձության մասին: Մենք, առհասարակ, խնդիր ունենք դպրոցների տնօրենների պատասխանատվության մեծացման և նրանց ապաքաղաքականացման հարցում»,- ասաց ԿԳ նախարարը:
Մեկ այլ հարցի, թե` մի կողմից խոսվում է կոռուպցիայի վերացման մասին, մյուս կողմից` ուսուցիչների աշխատանքի ընդունելու համար գումար են ուզում, որքանո՞վ են սրանք իրար համարժեք, Մկրտչյանը պատասխանեց, թե անընդունելի և պատժելի է որևէ աշխատանքի ընդունման համար գումար վերցնելը, հատկապես` ուսուցչի աշխատանքի: «Դրամահավաքությունը լրիվ այլ հարց է` «Մխիթար Սեբաստացի»-ում էլ են դրամ հավաքում, բայց շատ թափանցիկ են անում ամեն ինչ, և երբեք բողոք չենք ունենում այնտեղից: Պետք է կարգավորենք այս ամենը»,- ասաց նա:
Նախարարը նշեց նաև, որ դեմ է աշխարհացունց բարեփոխումներին, և, ըստ նրա, Հայաստանում կրթությունը նորմալ, միջին մակարդակի վրա է: «Այո, արմատապես մի նոր մակարդակի վրա պետք է բարձրանա այն, բայց դա չպետք է լինի եղածը քանդելու միջոցով, այլ եղածի վրա պետք է քար ավելացնենք: Կրթությունը գործիք է երկրի, ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար»,- ասաց Մկրտչյանը: