Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017-18թթ. ուսումնական տարվանն ընդառաջ դպրոցների տնօրենների հետ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի օգոստոսյան խորհրդակցությունները սկսվել են: Նախարարն այսօր Արագածոտնի մարզում էր և տեղի տնօրենների հետ հանդիպման ժամանակ շեշտը «Ուսուցիչ» ծրագրի վրա դրվեց:
Մկրտչյանը նշեց, որ ուսուցչի հանդեպ հարգանքն ու վստահությունը պետք է վերականգնվի, բացի այդ` պետք է ուսուցիչներին որոշ արտոնությւոններ տրվեն: «20-րդ դարի սկզբին վարժապետների սերունդն է մեր առաջին անկախությունը կերտել: Պետք է ուսուցիչների արտոնությունները վերականգնվեն, օրինակ, եթե երիտասարդ ուսուցիչը գնում է դասավանդելու բարձր լեռնային շրջաններից մեկում, պետք է օգնենք, որ ընտանիք կազմի, վերականգնենք «ուսուցչի տուն» հասկացությունը: Այսինքն` սոցիալական բլոկը պարտավոր ենք ապահովել, եթե ուզում ենք նրանց հեղինակությունը բարձրացնել: Բայց պետք է շատ ազնիվ լինել և եթե ինչ-որ բան չենք կարող հիմա իրագործել, պետք է ասել, որ դա չենք կարող այս շրջանում կյանքի կոչել»,-ասաց նախարարը:
Նախարարի կարծիքով` անպայմանորեն պետք է տնօրենին վերադարձնենք իր անկախությունը: Ավելին, ըստ Մկրտչյանի` անընդունելի է տնօրենի այն խեղճ վիճակը, որն այսօր կա` հատկապես ընտրությունից ընտրություն: «Չի՛ կարելի: Գյուղը պետք է գա ուսուցչից ու տնօրենից խորհուրդ հարցնի, ոչ թե տնօրենը պետք է գնա թաղի տղերքի մոտ ու հարցնի` ի՞նչ անեմ: Մենք մի քիչ շրջել ենք ամեն ինչ: Տարիքով մեծ տնօրենները հենց դրանից են նեղվում` հիշելով, թե տարիներ առաջ ինչ դիրք ունեին գյուղում: Տնօրենին թուլացնելով, թվում է` ամեն մեկն իր դիրքն է ամրապնդում` գյուղապետ, մարզպետ, բայց արդյունքում մենք ճյուղն ենք կտրում, որի վրա նստած ենք: Ի վերջո, մեր հասարակության մտավորականությունը նախ 37 000 ուսուցիչներն են»,-ասաց ԿԳ նախարարը:
Վերջինս համոզված է` ամենակարևորը մարդն է, ով պետք է իրականացնի բարեփոխումները, քանի որ ինչ էլ գրվի թղթի վրա, ինչ ծրագիր էլ ունենան, եթե տնօրենն ու իր հենարանը` ուսուցիչը, չգիտակցեցին իր առաքելությունն ու «չմտան գործի մեջ», ոչինչ չի ստացվի.«Բանակի «դեդովշինա»-ի նման է` եթե տնօրենը խեղճացնի ուսուցչին, մեկն էլ` ավելի բարձր տեղից տնօրենին է խեղճացնելու ու կստացվի, որ մենք մեր ապագան տալու ենք մարդկանց, ովքեր խեղճացած են ու հպարտությւոնը կորցրած: Նման ուսուցիչը դասարան մտնելով` նույն մթնոլորտը տարածելու է ծնողների և երեխաների վրա: «Ուսուցիչ» ծրագիրը երկու հարթություն ունի` սոցիալական և գիտելիքի վերապատրաստում, սակայն դրանք ածանցյալ են, որոնք պետք է օգնեն, որ ուսուցիչը գտնի իր հպարտությունը, անկախությունը, որն էլ երկրորդ կարևոր դրույթն է ծրագրի: Այսինքն` դպրոցը պետք է դառնա ինքնաբավ, կարողանա իր վրա հենվել»:
Նախարարը նկատեց, որ դպրոցի խորհուրդները չեն աշխատում` եթե տնօրենն ուժեղ է, իր ազդեցության տակ է խորհուրդը, եթե թույլ է` գյուղապետի ազդեցության տակ է, այսինքն` խորհուրդը սկսում է ոչ թե դպրոցին ծառայել, այլ օգտագործվել: Նախարարը դիմեց ներկա գտնվող տնօրեններին` խնդրելով հուշել` ի՞նչ անել, որ խորհուրդների համակարգը սկսի աշխատել: «Գուցե կարելի է ամեն շրջանում մեծ խորհուրդ ստեղծել, որը հիմք կլինի բոլոր դպրոցների համար և կուժեղացնի այդ խորհուրդը: Ուզում ենք` դպրոցն ինքնուրույն լինի, և այդ ինքնուրույնությունը պետք է ուսուցչի վստահության աստիճանը բարձրացնի` դպրոցի կայացմանը զուգընթաց: Մեր կրթակարգը տալիս է հնարավորություն, որպեսզի դպրոցը 30 տոկոսով կարողանա իր կամընտրական ծրագիրն անի, բայց եթե այնքան խեղճ է դպրոցի տնօրենը, որ, ասենք, գյուղապետի կինն աշխատանքի ուսուցում է տալիս ու ասում` 30 տոկոսը դրեք այդ առարկայի վրա, այդտեղ, բնականաբար, այդ 30 տոկոսը ոչինչ չի տա դպրոցին»,-ասաց Մկրտչյանը: