Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Հրապարակախոս Վահան Իշխանյանը «168 ժամ»-ում հոդված է հրապարակել՝ «Այո-ն մերժում է եվրոպական կառույցները, մերժում է անկախ դատարանը և պետության ապակենտրոն ինքնակառավարումը» վերտառությամբ, որտեղ անդրադարձ է կատարվում ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական հանրաքվեին ու հարակից խնդիրներին:
Yerkir.am-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ.
«Հրայր Թովմասյանը սահմանադրություն կարե՞լ է Սերժ Սարգսյանի հագով
«Այո»-ի կողմնակիցների գլխավոր թեզն այն է, թե Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի հագով սահմանադրություն է կարել, հետևաբար՝ պետք է պաշտոնանկ արվի.
1. 2015-ի Սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա մի ամբողջ խումբ է աշխատել, որի անդամներից միայն մեկն է Թովմասյանը։
2. Այդ սահմանադրական փոփոխությունների մեջ իրեն շատ հարմարավետ է զգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետևաբար՝ նրա երկրպագուները պետք է շնորհակալ լինեին Սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակներին, որ այնպիսի փոփոխություններ են արել, որ նրա վրա լավ նստել է։
Այսուհանդերձ, Սահմանադրությունը Փաշինյանին մի փոքր նեղում է, այնտեղ, ուր ուզում է աշխատանքից ազատել այս կամ այն դատավորին, Սահմանադրությունը թույլ չի տալիս, հետևաբար՝ Սահմանադրության մի քանի կետերի խախտումով է հանրաքվեի դրվել ՍԴ թվով 7 դատավորներին պաշտոնանկ անելու նախագիծը։
Եթե բարդ է իմանալ, թե ինչ է նշանակում անկախ դատարանը, և «Այո»-ով դատավորներին հեռացնելը ինչպես է ավերում իրավական պետությունը, ապա կարելի է քննարկել ավելի պարզ հասկացություններ, ինչպես, օրինակ, արդարությունը. «Այո»-ի կողմնակիցները, եթե նույնիսկ չեն կարող հանդուրժել, որ սահմանադրական փոփոխությունների հեղինակներից մեկը լինի դատավոր, ապա պետք է խոստովանեն, որ իրենց «Այո»-ով միայն Թովմասյանին չեն հեռացնում, ևս 6 դատավորի են պաշտոնանկ անում, որոնք կապ չունեն սահմանադրական փոփոխության նախագծի հետ։ Առնվազն արդար չի որևէ մեկին՝ որևէ խախտում չարած, աշխատանքից հեռացնելը։ Ուրեմն նրանք, ովքեր «Այո»-ով հեռացնում են աշխատանքից բարեխիղճ, անկաշառ դատավորներին, արդարության զգացում չունեն։
3. Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններ արեց, որ նախագահի պաշտոնից տեղափոխվի վարչապետի պաշտոնի՞ն։ Այո։ Արդյո՞ք այդ փոփոխությունները նրա հագով էին կարված, ինչպես պատկերավոր սիրում են ասել նրա հակառակորդները։ Ոչ, եթե իրոք Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով լիներ, ապա անհնար կլիներ սահմանադրական ճանապարհով նրան պաշտոնանկ անել։
Եթե հագով կարելն այն է, որ սահմանափակված չէր վարչապետի կառավարման ժամկետը, ապա սովորաբար խորհրդարանական կառավարմամբ սահմանադրություններում վարչապետի պաշտոնավարման ժամկետը չի սահմանափակվում, ինչպես, օրինակ, Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերն է 2005 թվից, արդեն 15 տարի, և կարող է էլի ինչքան ասես պաշտոնավարի։ Իսկ Հայաստանի ընդդիմությունները դեռ 25 տարի առաջվանից պահանջում էին նախագահական համակարգը փոխարինել խորհրդարանականով։
Ուրեմն, Սահմանադրությունները ոչ թե լինում են Սերժական, Նիկոլական կամ Պողոսական, այլ ավել կամ պակաս ժողովրդավարական, կամ էլ ավել կամ պակաս իրավական։ Նրանց մեջ, ովքեր գոչում են՝ «Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի հագով սահմանադրություն է կարել, ուրեմն պետք է հեռանա», չկա մեկը, ով դժգոհած լինի սահմանադրական փոփոխության որևէ դրույթի դեմ։ Հակառակը, այն, որ գործադիր իշխանությունը օրենսդրություն խախտելով է փորձում ազատվել իր համար անցանկալի որոշումներ ընդունող դատավորներից, ցույց է տալիս, որ Սահմանադրությունը երաշխավորում է դատավորների անկախությունը (ինչպես, օրինակ, չկարողանալով որևէ կերպ պաշտոնանկ անել, ստիպված քրեական գործ հարուցեցին առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ այն բանի համար, որ կալանքից ազատել էր Ռոբերտ Քոչարյանին և նրա գործը ուղարկել Սահմանադրական դատարան, ապա նույն կերպ չկարողանալով պաշտոնանկ անել, ստիպված հանրաքվեով են ուզում ազատվել ՍԴ յոթ դատավորներից այն բանի համար, որ կրկին, նրանք վարչապետի կամքով չեն առաջնորդվել և Քոչարյանի դիմումն ուղարկել են եվրոպական կառույցներ խորհդատվական կարծիքի)։
4. Գործող սահմանադրությունն արդյո՞ք հնարավոր է ավելի ժողովրդավարական դարձնել։ Իհարկե, օրինակ՝ կենտրոնաձիգ կառավարվող մարզերը դարձվեն ինքնակառավարվող, այսինքն՝ մարզպետին ոչ թե վարչապետը նշանակի, այլ մարզերի բնակիչները ընտրություններով ընտրեն իրենց ավագանիներն ու մարզպետներին: Սակայն ինքնակառավարվող շրջանները վերացվել և մարզերը որպես կենտրոնից կառավարվող տարածքներ ստեղծվել են 1995 թվականի Սահմանադրությամբ, որի հետ որևէ առնչություն չունի Հրայր Թովմասյանը։ 2005-ի սահմանադրական փոփոխությունները մի փոքր դեմոկրատականացրին Սահմանադրությունը՝ Երևանը կառավարության կողմից կառավարվող մարզից վերածելով ինքնակառավարվող համայնքի, որի շնորհիվ էլ Երևանի ավագանու ու քաղաքապետի ընտրություններ են լինում։
Նրանք, ովքեր պնդում են, թե այս Սահմանադրությունը պետք է ժողովրդավարանա, առաջին հերթին պիտի առաջարկեին մարզերը դարձնել ինքնակառավարվող մարմիններ, նաև տրամաբանական կլիներ, եթե մարզերի բնակիչները ձգտեին ինքնակառավարման, քանի որ անարդար է, որ Երևանի բնակիչներն ունենան ընտրովի մարմին, իսկ մարզերում զրկված լինեն ինքնակառավարման իրավունքից, և իրենց գլխին Երևանից նշանակեն ղեկավար։
Տեղական ինքնակառավարումը ժամանակակից ժողովրդավարության գլխավոր սկզբունքներից մեկն է, որ երկրի յուրաքանչյուր շրջանի բնակչությունը ինքնուրույն կազմակերպի շրջանի կյանքը ներկայացուցչական մարմնի միջոցով, և ոչ թե կենտրոնից նրանց գլխին ղեկավար դնեն։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ է ապակենտրոն ինքնակառավարման համակարգին, դեռ 2007-ի «Հայկական ժամանակ»-ի հուլիսի 7-ի խմբագրականում նա համեմատում է 95թ. Կենտրոնաձիգ Սահմանադրությունը և 2005-ի փոփոխությունները. «Առաջինը լավ կամ վատ Սահմանադրություն էր, երկրորդը՝ հակասահմանադրություն: Որովհետև առաջինը պետության հիմնական օրենք էր, երկրորդը՝ պետականության անկման օրենք: Էս սահմանադրությունը գործադիր իշխանության մենաշնորհը ուզում է պետությունից վերցնել: Այսինքն՝ գործադիր իշխանությունը կարող է իրականացնել ոչ միայն պետությունը, ոչ միայն կառավարությունը, այլև, ասենք` Շենգավիթի Ծըգըլը, ինչին լրիվ համապատասխանում է օրվա իրականությունը»:
Այո, Գերմանիայում գործադիր իշխանություն իրականացնում է Բավարիայի Ծըգըլը, Ֆրանսիայում՝ Նորմանդիայի իր «Ծըգըլը», և այդպես շարունակ։ Եվրոպական երկրներն ունեն եռաստիճան կամ քառաստիճան ինքնակառավարման համակարգեր։ Հայաստանը Եվրոպայի խորհրդի այն բացառություններից է, ուր մարզերը կենտրոնական իշխանությունն է կառավարում։ Երկրի կենտրոնացված կառավարումը իշխող ուժի ազդեցությունն է հզորացնում, երկրի գրեթե բոլոր պաշտոնյաները կախվածության մեջ են ընկնում երկրի ղեկավարից։
Ահա թե ինչու, Վարչապետը «Այո»-ի շտաբի պետ է նշանակել տարածքային կառավարման նախարարին, որ հսկողության տակ պահի ընտրություններն ու հանրաքվեները։ ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ասում է. «Մենք արդեն ահազանգեր ենք ստանում տարբեր մարզերից, որ մարզպետները իրենց մոտ են հրավիրում գյուղապետերին և պարտադրում, որ իրենց մարզում «Այո»-ն հաղթի»:
Եթե, օրինակ, Շիրակի մարզում ոչ թե իմքայլական մարզպետ լիներ, այլ մարզի բնակչության կողմից ընտրված գործիչ, թեկուզ՝ անունը Ծըգըլ, դժվար կլիներ նրան համոզել, որ «Այո»-ների քանակ ապահովի։
Այն, որ Փաշինյանը չի ճանաչում տեղական ինքնակառավարումը, ցույց տվեց նաև նրա այն հայտարարությունը, թե «Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն»: Այսինքն, Արցախում պիտի չընտրվի այնպիսի թեկնածու, որն իրեն քննադատում է։ Նա նույնիսկ չի հանդուրժում անկախ Արցախում այնպիսի նախագահ, ով իր կամակատարը չի, էլ ուր մնաց՝ Հայաստանի մարզերի ինքնակառավարման գաղափարը մտքով անցկացներ։ Մի փոքր անհամաձայնության համար պաշտոնանկ անել տվեց Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին և Անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Պատկերացնենք՝ Գերմանիայի կանցլերը հայտարարեր՝ Բավարիայի կանցլեր չի կարող ընտրվել մեկը, ով իրեն չի ընդունում, կամ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեր՝ Իլինոյսի բնակիչները չպետք է ընտրեն մեկին, ով իր նկատմամբ թշնամական է տրամադրված։ Հակառակը, ժողովրդավարական երկրներում մարզերի նահանգապետները հաճախ ընդդիմադիր են լինում կենտրոնական իշխանությանը և երկրի ղեկավարին սուր քննադատում են։
Ուրեմն, եթե «Այո»-ի կամ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու կողմնակիցների մեջ կան անձինք, ովքեր շահագրգռված են ավելի ժողովրդավարական սահմանադրություն ունենալու մեջ, ապա պետք է ոչ թե այո քվեարկելով հեռացնեն յոթ դատավորների, այլ մտածեն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին, քանի որ առավել ժողովրդավարական համակարգ ունենալու խոչընդոտը վարչապետն է։
Հանրապետական կամ դաշնակցական լինելը հանցա՞նք է
«Այո»-ի կողմնակիցները ևս մի փաստարկ են բերում՝ քանի որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը եղել է Հանրապետական կուսակցության անդամ, պետք է հեռանա։ Ակսել Բակունցին գնդակահարեցին դաշնակցական լինելու մեղադրանքով, ոչ միայն Բակունցին, բազմաթիվ մտավորականների կապելով Դաշնակցության հետ՝ աքսորեցին և գնդակահարեցին։
Այսօր էլ իշխանությունը մարդկանց լռեցնում է՝ նրանց կապելով այս կամ այն կուսակցության հետ։ Մի օրինակ. Պետհամալսարանի դասախոս Ռիտա Սաղաթելյանը կրթության նախարար Արայիկ Հարությունյանին հարցրել էր՝ կա՞ արդյոք քրեական գործ Հայոց լեզվի ամբիոնի որևէ դասախոսի վերաբերյալ, քանի որ նախարարը նշել էր, թե Հայոց լեզուն ոչ պարտադիր դարձնելով՝ դասախոսները կոռուպցիոն որոշ հնարավորություններից զրկվում են, նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել էր. «Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը»։ Ռիտա Սաղաթելյանի եղբոր տղան է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Այսինքն, դասախոսի մեղքն այն է, որ նա ազգակցական կապ ունի դաշնակցական գործչի հետ։
37-ի դաժան փորձառություն ունեցող ժողովրդին առավել ևս վայել չի կրկնել հաշվեհարդարներն անձանց նկատմամբ միայն նրա համար, որ կապեր ունեն այս կամ այն կուսակցության հետ։
ՍԴ դատավորներից ազատվելու բուն նպատակը
Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ է Փաշինյանը հանրաքվեի միջոցով ուզում հեռացնել ՍԴ յոթ դատավորներին:
Շատ պարզ. այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումն ուղարկեց Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ խորհդատվական կարծիքի, ապա ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը, Փաշինյանը սկսեց հալածանքները ՍԴ դատավորների դեմ։ Ամենաշատ հալածանքի ենթարկվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ևս մի անգամ թվարկենք դրանք. ԱԱԾ-ն նրա հայրական տունը խուզարկեց, ապա կանչեց հարցաքննության նրա աղջիկներին ու ծեր հորը, նրա դեմ քրեական գործ բացվեց՝ գրպանը նոտարական գրասենյակ գցելով (այդպիսի խորհուրդ էր տվել դերասան Սերգեյ Դանիելյանը՝ թե Թովմասյանի գրպանը պլան գցեք, հեռացրեք), բնակարանը խուզարկեցին, անմեղության կանխավարկածը և դատավորների նկատմամբ քրեական գործերի գաղտնիության օրենքը խախտելով՝ Հանրային հեռուստատեսությամբ նրա քրեական գործի վերաբերյալ ռեպորտաժ տվեցին, ԱԺ-ն դիմեց ՍԴ, որ նրան պաշտոնանկ անեն, և մերժվեց, ապա գործ հարուցվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Բաբայանի դեմ, որ փորձեն Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալը անօրինական համարել, ապա ԱԺ-ն ընդունեց ՍԴ յոթ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենք, որ որակվեց՝ օրինական կաշառք (որ, եթե 2 ամսվա ընթացքում հրաժարական տային, կպահպանվեր նրանց աշխատավարձը), ապա հանրաքվեի դրեցին յոթ դատավորներին հեռացնելու հարցը՝ նաև որպես նրանց նկատմամբ ճնշում, որ օգտվեն վաղ կենսաթոշակի անցնելու արտոնությունից։ Սակայն փետրվարի 27-ին լրացավ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքի ժամկետը, և դատավորներին հեռացնելու միակ ձևը մնաց հանրաքվեն։
Անկաշառ դատավորներին հեռացնում են այնպես, ինչպես Հին Հռոմում ամբոխը այո-ով մահվան էր դատապարտում պարտված գլադիատորներին։
Ինչո՞ւ այսպիսի շտապողականություն, ինչո՞ւ են ուզում այսպես արագ ազատվել ՍԴ յոթ դատավորներից: Կրկին շատ պարզ՝ Փաշինյանը ուզում է այնպես արագ ստանալ իր անձնական Սահմանադրական դատարանը, որ մինչ Վենետիկի հանձնաժողովն ու ՄԻԵԴ-ը կտային իրենց խորհդատվական կարծիքները, նոր ՍԴ-ի միջոցով հետ վերցներ նրանց ուղարկված դիմումները, իսկ եթե նույնիսկ չհասցնի էլ հետ վերցնել, իր ձևավորած ՍԴ-ն այդ կարծիքներն անտեսելով՝ սահմանադրական ճանաչի Քոչարյանի դեմ հարուցված քրեական հոդվածը։ Այսինքն, Փաշինյանը կասկածում է կամ գիտի, որ եվրոպական կառույցների խորհրդատվական կարծիքը նշելու է, որ Քոչարյանի դեմ հարուցված քրեական հոդվածը հակասում է Եվրոպական կոնվենցիաներին, հակաիրավական է, և օր առաջ ուզում է կանխել դրանց ազդեցությունը։
2001 թվականին Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ դարձավ, որ նշանակում է՝ իշխանությունը համաձայնվում է իրեն կաշկանդել Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիաներով, իրենից վեր ատյան ճանաչել Եվրոպական մարդու իրավունքների պաշտպանության կառույցները, այսինքն, երբ Եվրոպական կառույցները՝ ՄԻԵԴ, Վենետիկի հանձնաժողով, ԵԽԽՎ, արձանագրում են անդամ երկրում մարդու իրավունքների խախտում, այդ երկիրը պարտավորվում է խախտումը վերացնել։
Փաշինյանի իշխանությունն այս հանրաքվեով հրաժարվում է ճանաչել եվրոպական կառույցների որոշումներն ու խորհուրդները, որի ապացույցն է նաև, որ ՍԴ թվով 7 դատավորներին հեռացնելու հանրաքվեի նախագիծը չուղարկեցին Վենետիկի հանձնաժողով փորձաքննության:
«Սիրո և համերաշխության» կոչվող հեղափոխությունը Հայաստանը գլորում է հետ, այնտեղ, ուր Սովետական Միությունը կամ մինչ 2001-ի Հայաստանը չէին ճանաչում Եվրոպայի խորհրդի կոնվենցիաները։ «Նոր Հայաստանը» սկսվեց՝ Սերժին մերժելով, բայց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հեղափոխականներն իշխանությունը գրավելուց հետո էլ կանգ չառան, շարունակում են մերժել և արդեն մերժում են եվրոպական կառույցները։
Հանրաքվեին «այո» ասողներն էլ ներքաշվում են այս պերմանենտ մերժելու արշավի մեջ՝ մերժում են և՛ անկախ դատարանը, և՛ Վենետիկի հանձնաժողովն ու ՄԻԵԴ-ը, և՛ նաև պետության այն բարեփոխումների հնարավորությունը, որ կբերեր առավել ժողովրդավարական մեխանիզմներ՝ անկախ դատարան, ինքնակառավարվող մարզեր»: