Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-06-06 12:37
Հասարակություն

Խնդրել ենք բուհերին, որ ուսման վարձերը չբարձրացնեն. դիմորդների թիվը նվազել է 1500-ով

Խնդրել ենք բուհերին, որ ուսման վարձերը չբարձրացնեն. դիմորդների թիվը նվազել է 1500-ով

Այս տարի դիմորդների թիվը 1500-ով նվազել է: Պատճառը, ըստ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի, կրթական ոլորտում բարեփոխումների ներդրումն է` անցումը 12-ամյա կրթական համակարգին:

Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարը նշեց, որ այս տարի, ինչպես նաև հաջորդ տարի, բուհերը դիմորդների թվի խնդիր կունենան: «Այս տարի ունենք մինչև 10 000 դիմորդ` կենտրոնացված համակարգով, և ունենք ոչ կենտրոնացված` արվեստի բուհերը և մուսները, որտեղ էլ մինչև 2000-ի է հասնում դիմորդների թիվը: Մյուս տարի ավելի վատ վիճակ է լինելու, և ավելի քիչ թվով դիմորդներ ենք ունենալու: Մեր համալսարանների համար բավականին բարդ շրջան է լինելու, քանի որ պետք է ելքեր գտնեն` ինչպես հաստիքները պահեն և գոյատևեն: Իսկ երկու տարի անց  արդեն մեր դիմորդների թիվը կհասնի 35 000-ի»,- ասաց ԿԳ նախարարը:

Նա հավելեց նաև, որ դիմորդների թիվը նվազման փաստի հետևանքով այս տարիների երեխաների բախտը կբերի, քանի որ սահմանված տեղերն ավելի շատ են ու ավելի հեշտ կլինի ընդունվել: Սակայն սա, Մկրտչյանի կարծիքով, ինչ-որ տեղ նաև որակի հաշվին կլինի: «Բայց ես չէի ուզի քննություններով երեխայի գիտելիքների որակը պայմանավորել: Քննությունները կարևոր են արդարության տեսակետից, երբ բոլորի համար նույն պայմանն է գործում, սակայն առաջատար երկրներում առանց քննության էլ են ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ, իսկ որակի գործընթացն ապահովում են ուսման 4 տարիների ընթացքում»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ուսման վարձերի բարձրացման խնդրին, ապա ԿԳ նախարարը նշեց, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ուսման վարձի բարձրացում չլինի: Բուհերն այժմ, Մկրտչյանի խոսքով, արդեն մտածում են իրենց «անվտանգության բարձիկների» ստեղծման ուղղությամբ և միջոցներ են կուտակում: «Խնդրել ենք բուհերին, որ վարձերը նույնը մնան: Պետք է հասկանանք, որ մի բարդ փուլ է անցնելու կրթական համակարգը: Ինչով կարող ենք` կփորձենք օգնել բուհերին, քանի որ կրթական համակարգը մտել է փոփոխությունների փուլ: Փոփոխությունների ընթացքում պետք է այնպես անենք, որ մեր ունեցածը չվնասենք, որ ավելի վատ արդյունք չստանանք, այլ եղածի վրա ավելի լավը կառուցենք»,- խոսքը եզրափակեց ԿԳ նախարարը: