կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-08 13:52
Հասարակություն

Կտրուկ նվազել է Ոստիկանության ակադեմիայի դիմորդների թիվը. փոխոստիկանապետ

Կտրուկ նվազել է Ոստիկանության ակադեմիայի դիմորդների թիվը. փոխոստիկանապետ

Խորհրդարանում քննարկման է ներկայացվել կառավարության կողմից ներկայացված` «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանական համակարգում ընդունելությունը խթանելու, ոստիկանությունում եղած թափուր հաստիքները առավել արդյունավետ համալրելու ուղղությամբ:

«Ներկայիս օրենքի կիրառման արդյունքում որոշակի խնդիրներ են առաջանում միջին և կրտսեր խմբերի թափուր հաստիքների համալրման աշխատանքներում»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ ոստիկանության կրթահամալիրի շրջանավարտների պաշտոնի նշանակման աշխատանքներն իրականացվում են տարեկան մեկ անգամ, հետևաբար, մնացած տասնմեկ ամիսների ընթացքում ոստիկանության միջին աշխատակիցների թափուր պաշտոններում նշանակումներ չեն կարող իրականացվել:

«Կտրուկ նվազել է ոստիկանության կրթահամալիրի` ակադեմիայի դիմորդների թիվը: Ոստիկանության կրթահամալիրի քոլեջում առաջին ընդունելությունը կատարվել է 2011 թվականին և վերջին տարիներին նվազել է նաև քոլեջ դիմողների թիվը: Դիմորդների փոքր թվի պայմաններում մրցակցային սկզբունքը մղվում է երկրորդ պլան, և առաջնայնությունը տրվում է հատկացված տեղերի լրացման սկզբունիքին»,- մտահոգություն հայտնեց փոխոստիկանապետը՝ բացատրելով, որ օրինագծով առաջարկվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանության միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից, հնարավորություն ընձեռել նշանակելու նաև համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին:

«Առաջարկվում է նաև կառավարությանը վերապահել ոստիկանության լիազորությունները սահմանելու հարցը»,- ասաց նա՝ շարունակելով, որ փոփոխությամբ առաջարկվում է սահմանել առաջնահերթություն, որով պաշտոնի կարող են նշանակվել նախ` ոստիկանության միջին և բարձրագույն կրթություն ստացածները, հետո` ոստիկանության ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով կրթություն ստացած քաղաքացիները, այնուհետև` կառավարության կողմից սահմանված` համապատասխան բարձրագույն կրթություն ունեցողները: