կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-12 10:45
Հասարակություն

2017-ի համեմատ՝ դիմորդների թիվը կիսով չափ քիչ է. «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը մեկնարկել է

2017-ի համեմատ՝ դիմորդների թիվը կիսով չափ քիչ է. «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը մեկնարկել է

Այսօր «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունն է: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այցելեց թիվ 118 դպրոցում տեղակայված քննակենտրոն:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ քննությունների վերահսկողությունը պետք է ուժեղացվի, թեև արդեն իսկ քայլեր արվել են այդ ուղղությամբ: «Հսկողության ուժեղացման հետ կապված  քայլեր արդեն ձեռնարկվել են՝ համապատասխան հանձնարարականներ են եղել, իրավապահ մարմինների ծառայություններն էլ ուժեղացված վերահսկում են իրավիճակը, ինչպես նաև ԳԹԿ-ն մինչև քննությունները համապատասխան միջոցներ էր ձեռնարկել: Հուսով եմ, որ առանց որևէ խնդրի կավարտվեն քննությունները»,- ասաց Հարությունյանը:

Yerkir.am-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, քննություն է հանձնում 2234 դիմորդ:

Մարզերում և Երևանում տեղակայվել են 12 քննական կենտրոններ. քննությունների արդյունքները պարզ կլինեն 5 օր հետո:

Նշենք, որ նախորդ տարի «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն էր հանձնում 5191 դիմորդ. Դիմորդների թիվն այս տարի գրեթե կիսով չափ պակաս է՝ մեծ մասամբ կապված 12-ամյա կրթության անցման հետ:

Հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 15-ին՝ «Ֆիզիկա» առարկայից: