կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-02 12:03
Հասարակություն

Բարձր աշխատավարձը թույլ է տալիս նաև չունենալ անարդար փողեր կուտակելու ցանկություն. Լարիսա Ալավերդյան

Բարձր աշխատավարձը թույլ է տալիս նաև չունենալ անարդար փողեր կուտակելու ցանկություն. Լարիսա Ալավերդյան

Օրենքի այդ նախագիծն ընդունվեց ավելի շատ դատախազների ու քննիչների համար, սա շահագրգռվածություն է ստեղծում, որ դատախազության կադրերը երիտասարդացվեն. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անկախ դատավոր Պարգև Օհանյանը՝ նկատի ունենալով  «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը, որը խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Նրա խոսքով՝ այս օրենքի ընդունունով շահեց արդարադատությունը, քանի որ դատախազությունը թուլացավ, փաստաբանները ուժեղացան, արդարացված դատավճիռները շատացան: Չնայած այս կարծիքին` Օհանյանը նաև մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում օրենքներն ավելի շատ ընդունվում են ինչ-որ պահի համար: «Օրենքները մենք ընդունում ենք ինչ-որ պահի համար, ինչ-որ կարճ տարածության համար, ինչն անընդունելի է, օրենքը պետք է ընդունվի հեռատեսորեն, ոչ թե պահի համար, դա մեզ պատիվ չի բերում»,- ասաց նա:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքով էլ՝ համաշխարհային պրակտիկայում դատավորների անկախության երաշխիքներից մեկն էլ բարձր աշխատավարձն է: «Սոցիալական ապահովությունը, բարձր աշխատավարձը թույլ են տալիս նաև չունենալ անարդար փողեր կուտակելու ցանկություն, հետագայի համար փողեր կուտակելու նպատակներ: Միջազգային պրակտիկայում այսպիսի մոտեցումը դրական է համարվում: Անկախության կարևոր տարրերից է հենց նյութական ապահովությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք օրենքի ընդունումն արվում է հեռահար նպատակով, վստահությունը, արդարության զգացումը իշխանության նկատմամբ վերականգնելու համար:

Ալավերդյանը հիշեցրեց նաև, որ երբ Մարտի 1-ի դեպքերից հետո դատախազության աշխատավարձերը բարձրացվեցին, դա դիտվեց որպես կաշառք: Ըստ նրա` պետք է հստակեցնել` վերոնշյալ օրենքի ընդունումը պարունակո՞ւմ է հատվածականություն, և արդյո՞ք սա այլ նպատակով չի ընդունվում: «Ես կարծում եմ, որ այդ հարցում պառլամենտը չպետք է շտապեր, որոշակի հստակեցումներ պետք է աներ, նոր օրենքի ընդունմանը գնար»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով, որ տպավորություն է, թե սա նշանակում է դատական իշխանություններին դուր գալ: «Սա ոչ թե հակակշիռ է ստեղծում, այլ իրար դուր գալու խնդիր է առաջ քաշում»,- եզրափակեց նա: