կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-20 13:38
Քաղաքական

Նա, ով կարագացնի Արցախի նախագահական ընտրությունների գործընթացը, ցանկություն ունի տապալելու ամբողջ խնդիրը, պատմությունը. Լարիսա Ալավերդյան

Նա, ով կարագացնի Արցախի նախագահական ընտրությունների գործընթացը, ցանկություն ունի տապալելու ամբողջ խնդիրը, պատմությունը. Լարիսա Ալավերդյան

Եթե որևէ մեկը թույլ տա իրեն արագացնել Արցախի նախագահական ընտրությունների գործընթացը, դա կլինի այն ուժը, որը փորձում  է տապալել Արցախի ամբողջ խնդիրը, պատմությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Մենք միշտ որպես կարևոր գործոն ենք նշել, որ Արցախն առանց որևէ ցնցման, մշտապես լեգիտիմություն ունեցող իշխանություններ է ունեցել: Կարելի է քննադատել իշխանություններին, բայց երբ սկսում ես արագացնել այդ տեմպը՝ նմանակելով ՀՀ-ին, դա չճանաչված պետության համար ավելի մեծ հարված է, քան ճանաչված պետության: Երկրորդ՝ նրանք, ովքեր արդեն իսկ նախագահի թեկնածուի հայտ են ներկայացրել, բավականին տարբեր մարդիկ են, տարբեր լումա ունեն, տարբեր ոլորտներում են նրանց ունակությունները, ուստի պետք է սպասենք, թե ինչով են նրանք հանդես գալու: Ի վերջո, հայտ ներկայացնելը մի բան է, ծրագրով հանդես գալը՝  այլ: Բացի Արայիկ Հարությունյանից, մյուսների հետ շփվել եմ, ուստի պետք է ասեմ՝ եթե սադրիչ գործողություններ տեղի չունենան, Արցախում կունենանք հետաքրքիր ընտրություններ: Ամեն տեղ Արցախի ընտրություններն օրինակ եմ բերել, որ միայն Արցախում է, որ ընդդիմությունը լուրջ ձայներ է հավաքում, ոչ մի տեղ դա տեղի չի ունեցել՝ 20-ից ավելի տոկոս, միայն Ստեփանակերտում՝ 1/3-ից ավելի, այսինքն՝ այստեղ միշտ տեղի են ունեցել մրցակցային ընտրություններ: Հիմա ուզում են ամեն ինչ սևացնել, որ իրենք այդ սևի ֆոնին երևան: Դա ամենավատ գործողությունն է»,- նշեց Ալավերդյանը:

Yerkir.am-ի հարցին՝ Երևանի՞ց են փորձում Արցախի ներքին քաղաքական կյանքին միջամտել և արագացնել 2020-ին նախատեսված նախագահական ընտրությունները, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նման ուժեր կարող են լինել Արցախում: Կրկնում եմ՝ չեմ ասում, որ հիմքեր չկան քննադատելու, բայց կա ազգային շահ և կուսակցական, և կուսակցությունը պետք է այնպիսի գործիքակազմ ունենա, որ չվնասի ազգային շահին:  Մինչև մենք չսովորենք դա համադրել և ընտրել, ամեն անգամ ունենալու ենք ցնցումներ: «Հեղափոխություն» ճչալով` առաջ չենք գնա, պետք է հստակեցնենք՝ իրական փոփոխությունները քրտնաջան աշխատանքից հետո են գալիս»:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, թե Արցախի նախագահ  Բակո Սահակյանը մինչև մայիս հրաժարական կներկայացնի: