Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի հրամանագրերով կատարված նշանակումներով ավարտվեց կառավարության ձևավորումը: Բովանդակային առումով սա 2016թ. հոկտեմբերին ձևավորված կաբինետի վերանշանակում էր՝ մեկ կոսմետիկ տարբերությամբ: Նախարարների թիվը կրճատվեց մեկով: Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, որը նախարարի կարգավիճակ ուներ, դարձավ հայեցողական: Այդ պաշտոնը զբաղեցնող Դավիթ Հարությունյանը նշանակվեց արդարադատության նախարար՝ փոխարինելով ԱԺ փոխնախագահ ընտրված Արփինե Հովհաննիսյանին: Այդպիսով` նախագահը կաբինետում պահեց նոմենկլատուրայի հենակետային ֆիգուրներից մեկին՝ նրան վերապահելով իրավական գործընթացների գլխավոր վերահսկիչի, «գեներատորի» գործառույթը և մեծացրեց Արփինե Հովհաննիսյանի քաղաքական դերն ու կարգավիճակը:
Կառավարության աշխատակազմը, մեծ հաշվով, սպասարկող օղակ էր: Այն ոլորտային քաղաքականության մշակմամբ և իրականացմամբ չէր զբաղվում: Եվ կառավարման արդյունավետության տեսանկյունից` կարգավիճակի այս փոփոխությունը տրամաբանված էր, ինչ-որ իմաստով` նույնիսկ ուշացած: Այսուհանդերձ, փոփոխության հիմնական պատճառը նախարարությունների թիվը առավելագույնը 18-ով սահմանափակելու` 2015թ. Սահմանադրության պահանջն էր:
Կառավարության այս կառուցվածքը և կաբինետի կազմի պահպանումը առկա ներքին իրավական և քաղաքական ստատուս քվոն մեկ տարվա կտրվածքով, այսինքն` ժամանակավորապես պահպանելու տրամաբանություն ունի: 2018թ. գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի սպառումից և ԱԺ-ի կողմից ՀՀ նոր նախագահի ընտրությունից հետո լիարժեք ուժի մեջ կմտնի նորացված Սահմանադրությունը, որի ուժով ներկայիս կառավարությունը հրաժարական կտա և կձևավորվի նոր կաբինետ: Թերևս համարվել է, որ 11 ամսվա համար գործադիրը արմատական կամ կոսմետիկ փոփոխությունների ենթարկելը ավելորդ շռայլություն է` հաշվի առնելով, որ այդ գործընթացը միշտ ուղեկցվում է ներիշխանական խմորումներով և ինտրիգայնությամբ:
Քաղաքական առումով` կշարունակի գործել Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան-ՀՅԴ եռանկյունու միջև հաստատված ստատուս քվոն: Կաբինետի ֆինանսատնտեսական, հարկային ու մաքսային, մասամբ` նաև սոցիալական բլոկը շարունակում է մնալ վարչապետի ամբողջական հայեցողության ներքո, ներքին ու արտաքին անվտանգության, դատաիրավական համակարգը՝ նախագահի: Վերջինս ընդգծում է քաղաքական ուժեղ դերակատարումից աստիճանաբար չմեկուսանալու և կառավարման համակարգի վրա ներգործելու լծակներից առայժմ չհրաժարվելու` Սերժ Սարգսյանի մտադրությունը: Այս համատեքստում էր, թերևս, նաև իր ամենավստահելի կադրերից մեկին՝ ՊԵԿ-ի նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանին նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին վերադարձնելու, նրա միջոցով բյուջեի փաստացի կառավարման, ֆինանսական շարժերի նկատմամբ իր հսկողությունը մեծացնելու` Սերժ Սարգսյանի որոշումը:
ՀՅԴ-ն կոալիցիոն համաձայնագրի շրջանակում պահպանում է իր երեք պորտֆելները՝ ներքին հակակշռումը դարձնելով եռաբևեռ: Այն, որ ՀՅԴ-ն շեշտը նաև հակակշռման ու հավասարակշռման վրա է դնելու, հուշեց կառավարության նախորդ և ԱԺ ընթացող արտահերթ նիստերում նրա ներկայացուցիչների պահվածքը: Օրինագծերը բնապահպանական փորձաքննության ենթարկելու պահանջը պնդելու, ԱԺ-ում կառավարության ներկայացրած՝ գործադիրի կառուցվածքի և աշխատակազմի վարձատրության փոփոխություններին վերաբերող օրինագծերի կապակցությամբ առարկություններ և առաջարկություններ ներկայացնելով` դաշնակցական նախարարները և պատգամավորները հասկանալի դարձրին, որ, չնայած ներիշխանական փոքրամասնություն լինելուն, չեն հարմարվելու քաղաքական կամ վարչական որոշումները մեխանիկորեն ընդունելու` նախկինից մնացած ավանդույթներին և փորձելու են իրենց վրա վերցնել, այսպես կոչված, ներքին կառուցողական ընդդիմության դերը:
Առաջիկա 20 օրվա ընթացքում «նորանշանակ» կառավարությունը պարտավոր է ԱԺ ներկայացնել իր գործունեության ծրագիրը: Սպասելի էր, որ այն լինելու է վարչապետ Կարեն Կարապետյանի առաջադրած առաջնահերթությունների և որակական, քանակական, ժամկետային ու ուղենշային այն չափորոշիչներին համապատասխան, որոնք ամրագրված էին անցած տարի ձևավորված կառավարության ծրագրում: Սակայն մայիսի 18-ին նորընտիր ԱԺ-ի առաջին նիստի բացման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ծրագրային ելույթում հայտարարեց, որ ներկա և հետագա բոլոր կառավարություններն իրենց քաղաքականությունը պետք է պլանավորեն մինչև 2040-2050թթ. տեսլականով՝ սահմանելով միջնաժամկետ և երկարաժամկետ այնպիսի նոր սոցիալ-տնտեսական հավակնոտ ցուցանիշներ, որոնք իսկական մարտահրավեր են ցանկացած կառավարության համար: Մասնավորապես` խոսքը վերաբերում է 2016-2040 թթ. ՀՆԱ-ի միջինը տարեկան մոտ 5 տոկոս աճի ապահովմանը, առաջիկա 5 տարիներին արտահանման ծավալները ՀՆԱ մինչև 40-45 տոկոսին հասցնելուն, աղքատության ցուցանիշն առաջիկա 5 տարում մինչև 18 տոկոսի, իսկ 2040թ.՝ 7-8 տոկոսի հասցնելուն, արտագաղթի դադարեցմամբ, ծնելիության բարձրացմամբ և ներգաղթի ապահովմամբ 2040թ. բնակչության թիվը 4 մլն-ի հասցնելուն և այլն:
Հիմա հարցն այն է՝ որքանո՞վ են այս ցուցանիշներն արտացոլվելու կառավարության ծրագրում, որքանո՞վ է այն կազմվելու պլանային տնտեսավարման այս բանաձևին համապատասխան: Այս իմաստով` Կարեն Կարապետյանը երկու հիմնական ինտրիգային խնդրի է բախվում: Առաջին՝ դեռ մեկ տարի առաջ նա հայտարարում էր, թե տնտեսությունը ծանր վիճակում է, հրաշքներ չեն լինելու, և ինքը հեղափոխական փոփոխությունների կախարդական փայտիկ չունի: Արդյո՞ք նրա կառավարությունը կմտնի հեղափոխական լուծումներ ենթադրող այդ ցուցանիշների ապահովման պատասխանատվության տակ: Երկրորդ՝ ինչպիսի՞ ժամկետային ընդգրկում է ունենալու նոր կառավարության ծրագիրը` մե՞կ տարվա՝ նկատի ունենալով 2017թ. նոր կառավարության ձևավորման, հետևաբար` նաև կառավարության նոր ծրագիր ընդունելու հեռանկարը, թե՞ առավել երկարաժամկետ: Սա հետաքրքրական է վարչապետի և գործող նախագահի քաղաքական պլանների համատեքստում:
Գևորգ Դարբինյան