կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-27 20:40
Առանց Կատեգորիա

Ալիևը «հայտարարեց» ԼՂ հարցում ստատուս-քվոն պաշտպանելու մասին

Ալիևը «հայտարարեց» ԼՂ հարցում ստատուս-քվոն պաշտպանելու մասին

Նախօրեին Արդբեջանի առաջին հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է արցախյան հիմնահարցի կարգավորմանը: «Միջազգային կազմակերպությունների որոշումները և բանաձևերը շահեկան են մեզ համար: Դրանք մեզ համար իրավական հիմքեր են: Զուգահեռ վերջին շրջանում հնչող հայտարարություններին և ձեռնարկվող քայլերին հարկ է բարձր գնահատական տալ: Ե՛վ ԵԱՀԿ մինսկի խմբի (ՄԽ) համանախագահող երկրները, և՛ ԵՄ-ն, մյուս միջազգային կազմակերպությունները միանշանակ հայտարարում են ստատուս-քվոյի աընդունելիության և փոխելու անհրաժեշտության մասին: Ճիշտ է՝ այդ հայտարարություններից հետո դեռ քայլեր չեն ձեռնարկվել: Մենք սպասում ենք այդ քայլերին և օկուպանտի (Հայաստանի-հեղ.) նկատմամբ ճնշումներին: Մեր դիրքորոշումը բանակցային գործընթացում ամբողջությամբ հիմնավորված է, մենք ոչ մի միլիմետր չենք զիջելու»:

Առաջին հայացքից թվում է, թե Ալիևի հայտարարությունում արտառոց ոչինչ չկա: Սակայն, հակասությունները դրանում այնքան շատ են, որ թվում է՝ հեղինակը բանակցային գործընթացի հետ որևէ կապ չունի:

Նախ՝ Ալիևը սկզբից պնդում է, թե իրենք գոհ են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության և հատկապես ՄԽ-ի կողմից հնչող վերջին շրջանի հայտարարություններից և ձեռնարկվող քայլերից, սակայն հաջորդ իսկ մտքում նշում է, որ հայտարարություններն իրականացնելու ուղղղությամբ դեռ քայլեր չեն ձեռնարկվում: Երկրորդ՝ սա առաջին անգամն է, որ Ալիևը գոհունակություն է հայտնում հիմնահարցի կապակցությամբ միջազգային կազակերպությունների և ՄԽ հայտարարությունների գործողություններից՝ չնայած նրան, որ ո՛չ բանակցային գործընթացում և ո՛չ էլ կարգավորման սկզբունքների և մեթոդաբանության հարցում միջնորդների դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել՝ անցած տարվա ապրիլյան քառօրյա մարտերից հետո:

2016թ. օգոստոսին նույնաատիպ հայտարարությունները և բանակցային գործընթացը Ալիևին ստիպել էր հայտարարել. «Փակ դռների հետեւում մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու ԼՂ անկախությունը։ Մենք չենք բացում շատ փակագծեր, քանի որ կան դիվանագիտության որոշ կանոններ...»: Թե երբվանի՞ց են միջնորդների՝ փաստորեն, ԼՂ անկախությանը ճանաչման հեռանկար պարունակող հայտարարությունները, ճնշումները սկսել ձեռնտու լինել Բաքվին, Ալիևն, իհարկե, չի բացատրել: Բայց ուշագրավ է, որ այսպիսի լավատեսական հայտարարություններ նա հայտնում է  մայիսի 15-ին կառավարվող հրթիռով ադրբեջանական զինուժի կողմից հայկական ՀՕՊ համակարգի միավորներից մեկին հարվածելու վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության ֆոնին: Դրանով, հիշեցնենք, համանախագահներն Ադրբեջանին բաց տեքստով մեղադրեցին նախահարձակ գործողության մեջ: Ալիևին այս պահին լավատեսության որևէ հիմք չէր կարող տալ նաև Ռուսաստանը:Վերջինս ևս ոչ միայն դատապարտել էր հայկական ԶՈւ զինտեխնիկային հասցված հարվածը, այլև մի քանի օր անց, ի դեմս Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևի, հայտարարել, թե ծրագրված է արդեն 2017թ. ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին նոր սպառազինություն մատակարարել: Խոսքը վերաբերում է ուղղաթիռներին, ՀՕՊ համակարգերին, զրահապատ մեքենաներին: Ըստ էության՝ հայկական ՀՕՊ համակարգի լիցքավորման կայանի խոցումը գնահատելով որպես իրավիճակը լարելու պրովոկացիա՝ Մոսկվան նման տեղեկատվական «արտահոսքով» փորձեց զսպաշապիկ հագցնել Բաքվին:

Այս պայմաններում Ալիևի նման լավատեսական հայտարարությունները վկայում են, կարող են խոսել երկու հանգամանքի մասին: Առաջին՝ Բաքուն կատարյալ խառնաշփոթի և ինչ-որ իմաստով խուճապի մեջ է ԼՂ հարցում իր դիվանագիտական և ռազմական փակուղայնության պատճառով և չգիտի ինչպես ճեղքել այն: Արդյունքում ալիևյան վարչակարգը լավատեսական երանգավորման միջոցով փորձում է արդարացնել իր քաղաքականությունը:

Ալիևի անհիմն լավատեսական հայտարարություններից բխող երկրորդ հետևությունն այն է, որ Բաքուն, նմանատիպ անհաջող ճեղքումների փորձեր անելով, սահմանագծին կառավարելի լարվածությունը պահելով հանդերձ՝ այնուամենայնիվ հակված է գոնե առժամանակ ներկայիս ստատուս քվոյի պահպանմանը: Ուշադրություն դարձնենք՝ իր վերջին ելությում Ալիևը սովորությանը հակառակ չի ընդգծել ԼՂ հիմնահարցը ուժով լուծելու կարողությունը: Հակառակը` միջազգային հանրության գործողություններն իրենց համար շահեկան համարելով՝ նա փաստացի առժամանակ իմաստազրկում է ռազմական լուծման տարբերակը. ի վերջո իմաստ չունի խոսել պատերազմի մասին, եթե համարում ես, որ դիվանագիտական հարթությունում բոլորը և ամեն ինչ քո օգտին է աշխատում:

Մարտավարության նման փոփոխության պատճառն ամենևին կապ չունի Ալիևի նշած գործոնների հետ: Հիմնական պատճառը Ադրբեջանի ներսում առաջացած ներքին սոցիալ-հասարակական, ֆինանսա-տնտեսական ճգնաժամային իրավիճակն է, որն օբյեկտիվորեն թույլ չի տալիս մտածելու պատերազմի, առավելևս դրանում երաշխավորված հաղթանակ տանելու մասին, և որոնց անտեսմամբ ռազմական արկածախնդրության դիմելը կարող է պարզապես հանգեցնել ալիևյան 24 ամյա կլանային դիկտատուրայի տապալմանը: Նաև հաշվի առնելով արտաքին տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործոնների աննպաստ դասավորությունը՝ սա, իհարկե, առժամանակ ապահովագրում է լայնածավալ պատերազմի հեռանկարից: Բայց փոխարենը ստատուս-քվոյի պահպանմանը հակվելու մոտեցումն էականորեն մեծացնում է շփման գծում լարվածության աճի հնարավորությունը: Որովհետև Ալիևն ամեն դեպքում ունի կարգավորման հարցում դիվանագիտական այս ձախողումներից դեմքը փրկելու, պատերազմի իրատեսականության պատրանքով ներքին հասարակական-քաղաքական իրադրությունը կառավարելի պահելու և իհրակե, հակամարտույթունը սառեցված չլինելու ազդակները մշտապես ակտուալ պահելու խնդիրը:

Գևորգ Դարբինյան