կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-25 22:14
Քաղաքական

Ստատուս քվոն անընդունելի է. ԵԱՀԿ ՄԽ

Ստատուս քվոն անընդունելի է. ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 24-ին Վիեննայում ներկայացրել են 2010-ի հոկտեմբերի 7-12-ը ԼՂ հարակից շրջաններում իրականացրած դաշտային առաքելության վերաբերյալ զեկույցը:

Փաստաթղթում նշվում է, որ համանախագահները դաշտային դիտարկման ընթացքում ականատես են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա չկարգավորված լինելու աղետալի հետեւանքներին. քաղաքներն ու գյուղերը լքված են ու ավերված, որոշ տվյալներ` բնակչության թիվը ընդամենը 14 000 մարդ է, ովքեր ապրում են փոքր գյուղերում, Լաչին եւ Քելբաջար քաղաքներում:

Համանախագահներն արձանագրել են, որ 2005 թվականից ի վեր բնակչության էական աճ չի եղել: Բնակիչները` մեծ մասամբ ազգությամբ հայ, այդ տարածքներ են տեղափոխվել Ադրբեջանի այլ շրջաններից, ապրում են չափազանց ծանր պայմաններում, շատերը նույնիսկ անձը հաստատող փաստաթղթեր չունեն:

«Դաժան իրականությունը խորացրեց համանախագահների այն տեսակետը, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ որ միայն բանակցությունների վրա հիմնված խաղաղ կարգավորումը կարող է ավելի լավ հեռանկար ապահովել նրանց համար, ովքեր ձգտում են ապրել այստեղ, եւ նրանց համար, ովքեր ներկայումս ապրում են:

Համանախագահները բոլոր կողմերի առաջնորդներին կոչ են անում ձեռնպահ մնալ այս եւ վիճելի այլ տարածքներում որեւէ գործողությունից, որպեսզի վերջնական կարգավորմանն ուղղված սպառնալիք չստեղծվի կամ չփոխվի այս տարածքների բնույթը: Նրանք նաեւ հորդորում են քայլեր ձեռնարկել` տարածքում առկա գերեզմանատների ու սրբավայրերի պահպանման ուղղությամբ, նաեւ հստակեցնել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող բնակիչների կարգավիճակը»,- ասվում է փաստաթղթում:

Համանախագահները դատապարտել են զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ են արել իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի:

Նրանք նաեւ հայտարարել են, որ «մտադիր են առաքելություն իրականացնել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած այլ տարածքներում եւս»:

Ի դեպ, դաշտային առաքելության իրականացմանը նախորդող շրջանում հայտարարվել էր, որ համանախագահները, ՄԱԿ Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետների մասնակցությամբ, դաշտային առաքելություն կիրականացնեն նաեւ Ադրբեջանի կողմից գրավված ԼՂՀ տարածքներում` Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջաններում: