կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-30 20:49
Առանց Կատեգորիա

Ադրբեջանը՝ անվտանգության ճգնաժամի ցնցումներում

Ադրբեջանը՝ անվտանգության ճգնաժամի ցնցումներում

Ադրբեջանի անվտանգության ծառայությունն արդեն տևական ժամանակ է՝ ենթարկվում է այնպիսի ցնցումների, որոնք խոսում են ոչ թե զուտ ներգերատեսչական, այլ երկրի անվտանգության համակարգի ճգնաժամի մասին:

Դեռևս 2015թ.  պաշտոնից նախ ազատվեց, ապա ձերբակալվեց Ադրբեջանի անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը, ինչից հետո` դեկտեմբերին, Իլհամ Ալիևը լուծարեց նախարարությունը՝ փոխարենը ստեղծելով երկու՝ արտաքին հետախուզության և պետանվտանգության ծառայությունները:

Մահմուդովը մեղադրվեց պետության մեջ մինի-պետություն ստեղծելու, իշխանության բոլոր մակարդակներում տոտալ վերահսկողության ցանց հաստատելու և ինքնակամ, ամենավերին օղակներից սկսած, կոմպրոմատների փաթեթներ ձեռք բերելու մեջ: Թեև Մահմուդովի ձերբակալությունից անցել է 2 տարի, սակայն հարուցված գործը չափազանց դանդաղ է առաջ ընթանում, ինչը խոսում է այն մասին, որ իշխանությունը նախկին նախարարից զգուշանալու լուրջ պատճառներ ունի:

Թվում էր, թե Մահմուդովի մեկուսացմամբ և համակարգի վերակառուցմամբ անվտանգության համակարգը ոչ միայն լիովին անցել է Ալիևի ազդեցության տակ, այլև էականորեն բարձրացրել արդյունավետությունը: Սակայն այս տարվա մայիսի սկզբին Ադրբեջանի ԱԱԾ-ի շուրջ հանկարծակի պայթեց հերթական սկանդալը: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները, պետանվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն տարածեցին զինվորականներից և քաղաքացիական անձանցից կազմված, այսպես կոչված, «հայկական լրտեսների խմբի» բացահայտման մասին, որից հետո սկսվեցին մասսայական ձերբակալություններ: Ավելի ուշ ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ լրտեսության մեջ մեղադրվող անձանցից 5-ը սպանվել են անհայտ հանգամանքներում և թաղվել` առանց հարազատների մասնակցության: Հայկական կողմը, իհարկե, հերքեց իր առնչությունը: Սակայն 1930-ականների ստալինյան ոճով այդ մարդկանցից հնարավորինս արագ «ազատվելու» երևույթը վկայում է, որ իրականում գործ ունենք կա'մ ալիևյան իշխանության դեմ ներքին ապստամբության հերթական օղակի ոչնչացման, կա'մ պարզապես լրտեսության պատրվակով ռեժիմի ներհամակարգային այլախոհներին ոչնչացնելու ու համատարած սարսափի մթնոլորտ ստեղծելու երևույթի հետ: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե խնդիրն իսկապես լրտեսությունը լիներ, ապա իշխանությունները ոչ թե կոչնչացնեին «դավաճաններին», այլ, ապահովելով նրանց անվտանգությունը, բաց դատաքննությամբ կհիմնավորեին կապը հայկական հատուկ ծառայությունների հետ: Մինչդեռ Լինչի դատաստանի գործելաոճը մատնում է իրականությունը ցանկացած գնով թաքցնելու ձգտումը:

Այսքանը քիչ էր, մայիսի վերջին Ադրբեջանի անվտանգության ծառայությունները նոր գլխացավանքի մեջ հայտնվեցին: Երկու օր առաջ ադրբեջանական նոր հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալիզմի և տրիումֆալ հաջողության կենդանի մարմնացում համարվող՝ 2015թ. Բաքվում ապաստանած Վահան Մարտիրոսյանը` ծագումով հայ երկու այլ «հավաքագրվածների» հետ  ԼՂ կարգավորման «Խաղաղության պլատֆորմ» մանիպուլյացիոն նախաձեռնության համահիմնադիրը և Ադրբեջանի հատուկ ծառայությունների փասացաի «արտահաստիքային գործակալը», հանդես եկավ մեղայական, մերկացնող հայտարարությամբ: Նա հայտարարեց, թե «Խաղաղության պլատֆորմը» Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախաձեռնությունն է, որի նպատակն Արցախի նկատմամբ պատերազմ սանձազերծելու հիմքեր ստեղծելն է: Ադրբեջանի իշխանությունները և կառավարվող մեդիահանրույթը, բնականաբար, Մարտիրոսյանի այս կտրուկ և իրենց համար խայտառակ շրջադարձը վերագրեցին Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից նրան «հավաքագրելուն»:

Դեռևս պարզ չէ՝ ո՞րն էր Մարտիրոսյանի նման քայլի շարժառիթը` Բաքվից նյութական ու ֆինանսական ակնկալիքներն այլևս լիովին չբավարարելու հանգամա՞նքը, թե՞ դա իսկապես Հայաստանի ԱԱԾ-ի աշխատանքի արդյունքն է: Բայց դա բոլորովին էական չէ: Կարևորն այն է, որ արդյունքում Ադրբեջանի անվտանգության համակարգը, այսպես, թե այնպես, հերթական ծանրագույն հարվածը ստացավ: Տապալվեց ոչ միայն հայկական շրջանակներից «դավաճանների հավաքագրման» յուրօրինակ մի կառուցակարգ, այլև «Խաղաղության պլատֆորմը», որի վրա Բաքուն ահռելի միջոցներ էր վատնել, և որի գոյությունը քարոզչական-քաղաքական առումով վնաս էր հասցնում ԼՂ հարցում հայկական դիրքերին:

Այս ամենի արդյունքնում Ադրբեջանի անվտանգության համակարգը ոչ միայն զուտ հեղինակազրկվում է, այլև ֆունկցիոնալ ճգնաժամ ապրում՝ գրեթե ամբողջապես ոչնչացնելով թե' երկրի և հասարակության ներքին ու արտաքին անվտանգության երաշխավորվածության նկատմամբ հանրային վստահությունը, թե' իր պրոֆեսիոնալության, արդյունավետության միֆը:

Չի բացառվում, որ այս կոպտագույն վրիպումների հետևում ներիշխանական խորքային խմորումներ են: Այս ցնցումները կարող են լինել ալիևյան կլանի դիրքերի որոշակի խարխլման ինդիկատոր: Դրա նշանները զգալի են հատկապես անվտանգության նախկին նախարարության լուծարման և ներկայումս մոլեգնած, այսպես կոչված, «հայկական լրտեսների»՝ գոնե առաջին հայացքից հորինվածք և ծխածածկույթ հիշեցնող սկանդալից: Ալիևին չի հաջողվել իր համար «ստերիլիզացնել» և անվտանգ դարձնել այդ առանցքային համակարգը: Եվ սա մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի իշխանությունը ստիպված է հաղթահարել ֆինանսատնտեսական, բանկային ճգնաժամի, սոցիալական կատաստրոֆիկ հետևանքներ ենթադրող` արժույթի կտրուկ տատանումների, ԼՂ հարցում արձանագրած փակուղայնության մարտահրավերները, որոնց ընդառաջ Ալիևն ամենաշատ հիմա պետք է ունենար վստահելի, կայուն ուժային համակարգի և մասնավորապես անվտանգության ծառայության կարիքը: ՄԻնչդեռ որոշակի ազդակներ ցույց են տալիս, որ ամեն ինչ կարգին չէ նաև Ադրբեջանի բանակում:

Գևորգ Դարբինյան