կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-29 16:02
Հասարակություն

ՏԿԶ փոխնախարարն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին

ՏԿԶ փոխնախարարն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արգենտինա Շաբադոսին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը:

Ողջունելով հյուրերին՝  ՏԿԶ փոխնախարար Կ. Իսախանյանը բարձր է գնահատել  Միգրացիայի միջազգային  կազմակերպության հետ համագործակցությունը՝ ուղղված Հայաստանում միգրացիոն հիմնախնդիրների լուծմանը: Իր խոսքում փոխնախարարը  կարևորել է ՄՄԿ-ի դերակատարությունը՝   միգրացիոն  ոլորտին  առնչվող  կայուն զարգացման նոր նպատակներն   ազգային  մակարդակում  տեղայնացնելու  և  դրանց  իրագործումն  ապահովելու հարցում:

«ՀՀ կառավարություն–ՄՄԿ   առաջիկա  տարիների համագործակցությունը  պետք  է  ուղղված  լինի  հատկապես  այս  խնդիրների լուծման  ուղղությամբ  համատեղ  քայլերի  իրականացմանը»,-նշել է Կարեն Իսախանյանը: Կազմակերպությունը ներկայումս համակարգում է միգրացիոն հարցերով գլոբալ  համաձայնագրի  նախագծի  մշակման  աշխատանքները ,  որը  ՄԱԿ-ի անդամ երկրները  կստորագրեն  2018թ-ին:

Հանդիպմանը քննարկվել են ՄՄԿ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:  Հայաստանի միգրացիոն ոլորտին վերաբերող փաստաթղթերի մշակման, ՀՀ կառավարության առաջնահերթությունների  և առկա կարիքների ընտրության արդյունավետության բարձրացման տեսանկյունից`  ՏԿԶ փոխնախարար Կարեն Իսախանյանն առաջարկել է, որպեսզի  ՄՄԿ  հայաստանյան գրասենյակն  ավելի սերտորեն  համագործակցի   Միգրացիոն պետական ծառայության հետ:

ՄՄԿ տարածաշրջանային տնօրեն Արգենտինա Շաբադոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ուղղված միգրացիոն խնդիրների կառավարմանը: Նշելով, որ իր այս այցն ավելի շատ ընդհանուր ճանաչողական բնույթ է կրում, ՄՄԿ տարածաշրջանային տնօրենը տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է իր աշխատանքային այցը Հայաստան, որի ժամանակ ավելի մանրամասն կքննարկվեն  բարձրացված հարցերը և կոնկրետ առաջարկներ  կներկայացվեն:

Հանդիպմանը կողմերը վերահաստատել են համագործակցությունն ակտիվացնելու երկկողմ պատրաստակամությունը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն