կարևոր
4114 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-08 22:36
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին

Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեց ու տեղեկատվական համակարգը։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Հայր Թոմաս Շվարցին Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի համար, որոնք ուղղված են հատկապես պատերազմից տուժած ընտանիքներին: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության և Մայր Աթոռի միջև առկա ջերմ հարաբերություններին և բազմամյա համագործակցությանը՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի համար դժվարին իրավիճակներում Քույր Եկեղեցիների կողմից ցուցաբերվող զորակցության համար։

Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձ կատարեց նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանն ու շարունակվող ագրեսիային, ինչի վկայությունն է Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև օրերս ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա: Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության ջանքերն ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանն ու մեր ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը։

Իր հերթին Հայր Թոմաս Շվարցը, խոսելով կազմակերպության մարդասիրական առաքելության մասին, ընդգծեց, որ մշտապես զորակից է կարիքավորներին ու Եկեղեցուն և պատրաստակամություն հայտնեց շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ: