կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-26 15:28
Քաղաքական

ՕՐՕ-ի «քաղաքական արձակուրդը» չի ավարտվում

ՕՐՕ-ի «քաղաքական արձակուրդը» չի ավարտվում

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ստեղծվեցին մի շարք դաշինքներ: Ընդդիմադիր դաշտում գործող դաշինքներից ՕՐՕ-ն, որ ստեղծվեց փետրվարի 13-ին, կարելի է արդեն իսկ փաստել, որ ամենակարճատև կյանքն ունեցավ:

Հայտնի է, որ դաշինքը ստեղծվեց «Ժառանգություն», «Համախմբում» կուսակցությունների նախագահների և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի միջև ստորագրված հուշագրով: Դաշինքի անունն էլ ստեղծվեց այդ երեք գործիչների` Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան և Սեյրան Օհանյան ազգանունների և անվան սկզբնատառերից:

Ակնհայտ էր, որ միայն ընտրություններին մասնակցելու և անցողիկ շեմը հաղթահարելու համար ստեղծված այս դաշինքի կյանքը երկար չէր տևելու: Երկար չսպասեցինք դաշինքի` այսպես ասած փլուզմանը:

Առաջին քայլը երեկ արեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կցանկանար` ստեղծվեր նոր կուսակցություն, բայց ոչ` ՕՐՕ անվանումով:  Թեև դաշինքի մյուս ղեկավարները դեռ լռում են, բայց փաստ է, որ դաշինքն այլևս գոյություն չունի:

Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել դաշինքի անդամ կուսակցական գործիչների հետ, բայց նրանք կա'մ չէին պատասխանում մեր զանգերին, կա'մ պատասխանում էին` ասելով, որ գտնվում են քաղաքական արձակուրդի մեջ և որևէ քաղաքական հարցի պատասխանելու ցանկություն չունեն:

Ոչինչ, որ քաղաքական կուսակցությունների դաշինքի անդամները գտնվում են քաղաքական արձակուրդում և չեն կարող պատասխանել քաղաքական հարցերի, ամենակարևորն այն է, որ նրանք անհրաժեշտության դեպքում, ասենք` խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կարող են կրկին միավորվել և կրկին ստեղծել նոր քաղաքական դաշինք:

 

Ամալյա Առաքելյան