Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում արտակարգ իրավիճակների նախարարությունը ներառել է որոշում` սողանքային աղետի կառավարման պլանին հավանություն տալու մասին:
Հայաստանի Հանրապետության տարածքում լայն զարգացում ունեցող արտածին երկրաբանական երևույթներից առանձնահատուկ տեղ են գրավում գրավիտացիոն պրոցեսները (սողանքներ, քարաթափեր, փլուզումներ), որոնց շարքում իրենց զարգացվածությամբ, տարածվածությամբ ու ազդեցությամբ առավել վտանգավոր են սողանքները: Սողանքների լայն տարածվածությունը պայմանավորված է սեյսմիկ ակտիվությամբ, լանջերի մեծ թեքությամբ, բարդ երկրաձևագիտական (գեոմորֆոլոգիական) պայմաններով, երկրաբանական կառուցվածքով, իսկ մեծ ակտիվությունը զգալի չափով պայմանավորված է նաև մարդու ակտիվ գործունեությամբ՝ լանջերի ինտենսիվ կառուցապատումով, դրանց վրա գյուղատնտեսական աշխատանքների երբեմն ոչ ճիշտ կատարումով, զանգվածային ծառահատումներով, հողաբուսական ծածկի խախտումներով ու ոչնչացումով:
Հայաստանի Հանրապետությունում սողանքային երևույթներն ունեն լայն տարածում` 3000-ից ավելի տեղամաս: Սողանքների թիրախում են հայտնվել թվով 230-ից ավել բնակավայր, գյուղատնտեսական հողատեսքեր, տնտեսության օբյեկտներ, հաղորդակցման ուղիներ (երկաթուղի և ավտոմոբիլային ճանապարհներ):
Սողանքային աղետը ոչ միայն իր բացասական ազդեցությունն է թողնում քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտների վրա, այլև խոչընդոտ է հանդիսանում տնտեսության կայուն զարգացմանը, ինչպես նաև հանրապետությունում և հարևան երկրների հետ հանրապետության հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը, որոնք հանդիսանում են տնտեսության զարգացման համար կարևորագույն միջոց: Սողանքային աղետները պատճառ են հանդիսանում բնակչության աղքատացմանն ու արտագաղթին, որոնց հետևանքով դատարկվում և քայքայվում են լեռնային և սահմանամերձ բնակավայրերը: Հանրապետությունում սողանքային աղետների դեմ հետևողական քաղաքականության վարման և համապատասխան ռազմավարության բացակայությունը նպաստել են մեծ տարածում ունեցող սողանքային պրոցեսների ակտիվացմանը և դրանց մեջ նորանոր տարածքների ընդգրկմանը: Սողանքային աղետի կառավարման համակարգի բացակայության պատճառով հանրապետության առավել վտանգավոր սողանքային տեղամասերում չեն կատարվել հիմնավոր և հետևողական համապատասխան հետազոտություններ և դիտարկումներ, ինչն անհնար է դարձնում արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը
Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետազոտող խմբի կողմից կատարված հետազոտությունների տվյալները չափազանց մտահոգիչ են: Հանրապետության տարածքում օդալուսանկարների վերծանումով բացահայտված են 2504 սողանքային տեղամասեր: Սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը 1216 քառակուսի կիլոմետր է, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր մակերեսի 4,1%-ը:
Հանրապետության 233 համայնքներ գտնվում են սողանքային վտանգավոր տեղամասերում, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ և այլ կենսաապահովման օբյեկտներ: Ավտոճանապարհների ցանցի 7400 կիլոմետրից 240-ը (3,2%) վնասված է 280 սողանքով: Երկաթգծերի ցանցի ընդհանուր 870 կիլոմետրից 4,8-ը (0,5%) վնասված է 10 սողանքով և այլն: Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետազոտող խմբի կողմից 2004 թվականին 145 սողանքային տեղամասերի գույքագրման տվյալներով, սողանքային աղետից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը կազմում է 19,395 մլրդ. դրամ, իսկ պոտենցիալ վնասը` 23,985 մլրդ. դրամ:
Վնասի գնահատումն իրականացվել է քանակական սկզբունքով, այսինքն` դժբախտ պատահարը, հոգեբանական ցնցումը, հուշարձանները և այլն ներառված չեն վնասի գնահատման մեջ: Գնահատումը հիմնված է համայնքների ղեկավարներից և ենթակառուցվածքները վերահսկող կազմակերպություններից ստացված տեղեկությունների վրա: Պլանի նպատակն է նվազեցնել սողանքային աղետի ռիսկերն ու վնասները՝ ձեռնարկելով համապատասխան հակասողանքային միջոցառումներ: